Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաշտ, ՀԷԿ-եր, սակավաջուր տարի. ո՞րն է Արփի լճի մակարդակի իջեցման պատճառը (տեսանյութ)

Տնտեսություն
Arpi-lij

Արփի լիճը, որը սնուցում է Ախուրյանի ջրամբարը,  անմիթար վիճակում է։  Ջրի մակարդակն այնքան է իջել, որ առկա փոքր կղզիները վերածվել են թերակղզիների: «Մենք ունեցել ենք բավականին ծանր, բարձր ջերմաստիճային ֆոնով տարի: Մենք ստիպված ենք եղել անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի բազմամյա տնկիները չչորանան: Մենք հնարավորինս արել ենք ամեն ինչ, որպեսզի գյուղացուն կարողանանք ջուր ապահովել: Բացի դա, տարեսկզբին ենք ունեցել ջրի խնդիր՝ շուրջ 170 մլն խմ չափով ջրամբարներն ավելի քիչ էին լցված, քան 2016թ.»,- ասում է Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Ոռոգման նպատակով այս տարի ոչ միայն Սեւանա լճից հավելյալ ջրառ կատարվեց, այլեւ Արփի լճից, որը իր մեծությամբ 2-րդ քաղցրահամ լիճն է։ Այս պահին լճից բացթողումը դադարեցված է, բայց տեղումների բացակայության հետեւանքով լիճը սնուցող լեռնային 5 գետակները գրեթե ցամաքել են: «Այս տարվա սեպտեմբերի 23-ի տվյալներով՝ Արփի լճում ունենք 8 մլն խմ ջուր, որը իր բնական ծավալից 2,5 անգամ ավելի է: Արփի լիճը՝ որպես լիճ, նախկինում եղել է 3 մլն խմ ծավալով լիճ: Հետագայում որոշում է կայացվել, որ լճի բազայի վրա կառուցել պատվարների բարձրացմամբ ջրամբար: Կառուցվել է ջրամբար 105 մլն խմ ծավալով՝ պարտադիր պայման դնելով, որ ցանկացած ջրի տատանում անելու դեպքում՝ որպես մեռյալ ծավալ, ֆիքսվել է այն ծավալը, որը ջրամբարը բնական ունեցել է, այսինքն՝ 3 մլն»,- վստահեցնում է Արսեն Հարությունյանը: «Մենք ամենօրյա քննարկումների մեջ ենք Ջրային պետական կոմիտեի հետ: Ընդ որում, կառավարությունում վարչապետի հանձնարարությամբ, պետք է այնպես անել, որպեսզի նվազագույն մեծությունը, որ ավանդաբար ընդունվել է 5 մլն խմ-ն, դրանից ներքեւ ջրառ չիրականացվի: Այս պահի դրությամբ մենք ունենք  7,2 մլն խմ ջուր: Պայնավորվածությունը հետեւյալն է, որ Ախուրյանի ջրբացթողումը չպետք է որեւիցե ձեւով հանգեցնի նրան, որ մենք իջնենք 5 մլն-ից ցածր»,- իր հերթին հավելում է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:             Արփի լիճը մասնակի լուծում է Շիրակի մարզի ոռոգման խնդիրը: Լճի գրեթե նույն մակարդակի իջեցում գրանցվել է նաեւ 2014թ.,  թեեւ նախորդող երկու տարիներին ջրի մակարդակը բարձր է եղել` 23-ից մոտ 27 մլն խմ: «Արփի լիճ» ազգային պարկի նորանշանակ տնտեսվարը մեղավորը տեղումների բացակայությունն է համարում. «Երաշտ, որ ասում են, դա է, 100 օր առանց անձրեւ եղանք»: «Մենք կարծում ենք, որ տեղումները, եթե սկսվեն, լճի մակարդակը կբարձրանա: Ինքը բնական լճի վրա կառուցված արհեստական ռեզերվուար է եղել եւ իր ծավալը հենց 5-7 մլն է եղել, այսինքն, ինքն եկել է իր բնական վիճակի: Պարզ է՝ մենք պետք է Արփի լիճը պահենք, փայփայենք, քանի որ ինչքան ջուրը շատ լինի, կկարողանանք ոռոգել, նաեւ՝ կկարողանանք էկոտուրիզմը զարգացնել»,- նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:             Ոլորտի մասնագետների դիտարկմամբ՝ Արփի լճի ջրի մակարդակի իջեցումը ոչ միայն սակավաջուր տարվա արդյունք է, այլեւ փոքր ՀԷԿ-երի աշխատանքի: «Չեմ կարծում, որ գյուղատնտեսության համար ստեղծված նման բարդ իրավիճակում ՀԷԿ-երին ջուր է տրվել: Եթե նույնիսկ ՀԷԿ-ին ջուր տրված լինի, ապա կարող են վերցնել ու հետ տան»,- կարծիք հայտնեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: «Ցանկացած ՀԷԿ մտնող ջուր ընդամենը 10 մետր հետո, նորից այդ նույն ջուրը ՀԷԿ-ից դուրս է գալիս ու շարունակում է իր հունով գնալ: Այդ ջուրը ոչ մի տեղ չի կորչում»,- հայտարարեց Արսեն Հարությունյանը:    Ջրային պետական կոմիտեի նախագահը խորհուրդ է տալիս ստուգել, թե այդ նույն ՀԷԿ-երը նախորդ տարիներին ինչ քանակի էլեկտրաէներգիա են արտադրել: Արդյունքում պարզ կդառնա, որ այս տարի դա անհամեմատ քիչ է եղել: