Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրեն Պիպոյանի գործերի համար Ազգային պատկերասրահում տեղ չկա (տեսանյութ)

Մշակույթ
pipoyan

Օգոստոսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում տեղի կունենա երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի մենահամերգը։ Այն նվիրված է երգչուհու հոր՝ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Սուրեն Պիպոյանի 95-ամյակին։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում երգչուհին խոստովանեց, որ համերգի գաղափարը ծագել է «Ոսկե Ծիրան»  կինոփառատոնի երևանյան պրեմիերաների բաժնում ընդգրկված «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական ֆիլմի ցուցադրումից հետո։ «Այդ վեց երաժիշտներից մեկը ես էի։ Ֆիլմից հետո հիշեցի, որ «Մոսկվա» կինոթատրոնի շենքում համերգներ եմ տվել։ Հետո պատահմամբ հիշեցի, որ օգոստոսի 18-ին լրանում է հայրիկիս 95-ամյակը, ու որոշեցի՝ հենց այդ օրը համերգ եմ կազմակերպելու՝ նրա հիշատակին նվիրված»,- խոստովանեց Լիլիթ Պիպոյանը։ Երգչուհու այս մենահամերգը տարբերվելու է նախորդներից։ Նրա երգերին զուգահեռ էկրանի վրա լինելու է վիրտուալ ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են երգչուհու հոր՝ Սուրեն Պիպոյանի արվեստի նմուշները։ Արվեստագետը խոստովանեց, որ մենահամերգի այս ձևն ընտրել է ստիպված։ Երկար տարիներ պայքարել է, որպեսզի հոր՝ Սուրեն Պիպոյանի աշխատանքները մշտական ցուցադրության հանվեն, սակայն չի հաջողվել։ «Ցուցահանդեսը կազմակերպելը շատ դժվար է. Նկարիչների միությունն անտարբեր է, պատճառաբանում է, թե մահացած նկարիչների գործերով չի զբաղվում, Ազգային պատկերասրահում էլ ասում են՝ տեղ չկա, նկարը մեծ է», - նշեց երգչուհին։ Սուրեն Պիպոյանի աշխատանքներից նա հատկապես առանձնացրեց «Գաղթ» գեղանկարչական աշխատանքը: «Իմ անկողմնակալ կարծիքով՝ դա գաղթին, Եղեռնին նվիրված լավագույն աշխատանքն է հայկական արվեստում։ Մահ չէ պատկերված. այն իր մեջ ունի և ողբերգական, և լավատեսական տրամադրություն։ Այս գործը փակված է արվեստանոցում, ու ես մտահոգված եմ՝ որքա՞ն պետք է այն այդպես փակված մնա։ Չէ՞ որ կարևոր, ազգին պատկանող նկար է. Պատկերասրահի տնօրենն ասում է՝ նկարը մեծ է, տեղ չկա, Ցեղասպանության թանգարանից արձագանքում են, որ եթե նույնիսկ նվիրեմ իրենց, պահոցում պետք է պահեն... Հայրիկիս շուրջ 16 աշխատանք 50 տարի է՝ պատկերասրահի պահոցում է» , - նշեց երգչուհին. Ուստի որդիական պարտքը կատարելու համար երգչուհին հրատարակել է գիրք, որտեղ ներկայացված են Սուրեն Պիպոյանի աշխատանքները. Մենահամերգի ընթացքում վիրտուալ ցուցահանդեսի տեսքով հանրությանը կներկայացվեն գեղանկարչի աշխատանքները։ [caption id="attachment_1561830" align="alignnone" width="242"]gaxt «Գաղթ». Սուրեն Պիպոյան[/caption]