Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ունենալ խելամիտ հանքարդյունաբերություն (տեսանյութ)

Տնտեսություն
hanq

 Հանքարդյունաբերության ֆինանսական թափանցիկության ապահովության համար ՀՀ-ն անցնում է EITI միջազգային ստանդարտների կիրառմանը: «Հանքարդյունաբերողը, երբ գալիս է մեզ մոտ, հիմնականում ցույց չտալով, որ գրանցված է օֆշորային գոտիներում: Իրենց իսկական եկամուտները, փաստորեն, փակ են»,- նկատեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի (ԲՇԽ) նիստին ներկայացվեցին ստանդարտներին անցնելու սկզբունքները, գործողությունների ծրագիրը եւ թե ինչ ուղղությամբ պետք է շարժվի խումբը: «Այն, ինչ մենք կարող ենք կառավարել, դա ժամանակն է ու արդյունավետությունը, ինչն արդեն վիթխարի ռեսուրս է»,- հայտարարեց Արդարադատության նախարար, ԲՇԽ նախագահ Դավիթ Հարությունյանը: Խելամիտ հանքարդյունաբերություն ձեւավորելու համար բազմաշահառու խմբի կարծիքով՝ հանքարդյունաբերության բոլոր փուլերի համար անհրաժեշտ է հստակ քաղաքականություն: «Քաղաքականությունը հիմնականում անդրադառնում է այս ոլորտներին՝ լիցենզավորումները, թույլտվությունները, իրավունքների փոխանցումը՝ ինչ ձեւ է կարգավորվում օրենքով, ինչ ծրագրեր ունենք, որ սա իրականացնենք: Այստեղ պայմանագրերի ինստիտուտն է որոշ չափով աշխատում, այստեղ բազմաթիվ խնդիրներ կան՝ թափանցիկություն, քաղաքացիական հարաբերություններ»,- ասում է Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը: EITI միջազգային ստանդարտների ամրագրումը պետական գործընթաց է, որտեղ ներգրավված է պետական 6, բիզնես ոլորտի 4, քաղաքացիական հասարակության 5 ներկայացուցիչ: Խմբի անդամ է նաեւ բնապահպան Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա՝ հանքարդյունաբերությունը մեր երկրում փակ ոլորտ է, իսկ կոռուպցիոն ռիսկերի մակարդակը՝ բավականին բարձր. «Երկիրը պետք է հաշվետվություն ներկայացնի, որը պետք է նման լինի EITI սկզբունքներին: Իսկական սեփականատերերի հարցն է մեզ հետաքրքրում, քանի որ կան երկրներ, որտեղ նշված է՝ եթե սեփականատերը պաշտոնյա է, եւ նրա եկամուտները ինչ-որ մի սահման անցնում են, դրանք պետք է հրապարակվի: Այստեղ թափանցիկության հարցը շատ կարեւոր է»:  Քաղաքացիական հասարակությունն առաջարկել է EITI ստանդարտների մեջ մտցնել նաեւ բնապահպանական ու սոցիալական ազդեցության հատվածը, քանի որ այս հարցերը հատկապես կարեւոր են մեր երկրի համար: Հարցը քննարկման փուլում է: