Արման Միքայելյանը հայտնվեց ցայտնոտում եւ պարտվեց
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում այսօր կայացան 10-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի հայտնությունը դարձած միջազգային վարպետ Արման Միքայելյանը, որը 7 միավորով բաժանում էր 2-5-րդ տեղերը, չեխ գրոսմայստեր Դավիդ Նավարայի հետ պարտիայում կրկին մոտ էր հաղթանակի՝ ունենալով դիրքային մեծ առավելություն: Սակայն մեր պատանի շախմատիստը հայտնվեց ցայտնոտի մեջ, կոպիտ սխալ թույլ տվեց եւ ցավալի պարտություն կրեց: Արման Միքայելյանը, ինչպես նաեւ մեր գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, որոնք նույնպես 7-ական միավոր ունեն, դուրս մնացին մեդալների համար պայքարից, քանի որ առաջնության յոթ առաջատարները դժվար թե համատարած անհաջողության մատնվեն վերջին տուրում: Վաղը կայանալիք 11-րդ տուրում Արման Միքայելյանը սեւերով կմրցի ուկրաինացի Մարտին Կրավցեւի հետ: Հաղթանակի դեպքում մեր պատանի շախմատիստը միանշանակ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր կնվաճի: