Կառավարությունը հաշվի կառնի՞ վարդենիսցիների կարծիքը
Վարդենիսցիների խնդիրը՝ կապված համայնքների խոշորացման հետ, կարծես թե լուծում է ստանում՝ նաև հօգուտ բնակիչների։ Հիշեցնենք, 2 օր առաջ 20-ից ավելի համայնքի բնակիչներ փակել էին Վարդենիս- Մարտակերտ ավտոճանապարհը՝ բողոքելով համայնքների խոշորացման ծրագրից ու պահանջելով հարցը լուծելիս հաշվի առնել նաև բնակիչների կարծիքը։ Խոսքը սահմանամերձ գյուղերի մասին է, որոնք, ըստ մտահոգ բնակիչների, խոշորացման դեպքում կդատարկվեն։ Բացի այդ, այստեղ շատ են փախստականները, որոնք կարծում են, որ ենթամշակութային խնդիրներ կարող են ունենալ մյուսների հետ։ Այս օրերին կառավարության անդամները քննարկումներ են կազմակերպել բնակիչների հետ։ Արդյունքում, ըստ մեր զրուցակցի, իրենց առաջարկած պայմանները կարծես ընդունվում են։ Առաջարկվում է, որ Վարդենիսին ու Մեծ Մասրիքին ոչ թե միանա 13-ական գյուղ, այլ այդ գյուղերն իրար միանան։ Այսպիսով՝ նաև մարդկանց թվի առումով համամասնությունը կպահպանվի։ Հիշեցնենք, Աժ-ն բուռն քննարկումներից հետո այսօր Համայնքների խոշորացման նախագիծը ընդունվեց 57 կողմ, 24 դեմ ձայներով։ Մնում է իրագործելիս չանտեսվի բնակիչների կարծիքը։