Հրանտ Մելքումյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկն է
Մինսկում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները: Առաջատարների խմբում ընթացող մեր շախմատիստ Հրանտ Մելքումյանն այս անգամ սպիտակներով ոչ-ոքի խաղաց բուլղարացի Իվան Չեպարինովի հետ: Այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Միրզոյանը եւ Հովհաննես Հակոբյանը: Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են 10 շախմատիստ, որոնց թվում է նաեւ Հրանտ Մելքումյանը: Արման Միքայելյանը առաջատարներից ետ է մնում կես միավորով: Մեր վեց շախմատիստներ ունեն 4-ական միավոր: Վաղը նախատեսված 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կմրցի անգլիացի Դեւիդ Հոուելի հետ: Արման Միքայելյանի մրցակիցը բելառուսցի Սերգեյ Ժիգալկոն է: Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: