Ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնությունը լուրջ խնդրի առջև է
Այսօր Քաթարի հետ տեղի ունեցած դիվանագիտական սկանդալը կարող է անդրադառնալ նաեւ ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման վրա: Արաբական այդ երկիրը այս տարվա դեկտեմբերին հնարավոր է զրկվի մրցաշարի տանտիրոջ իրավունքից, քանի որ տեղեկություններ կան, որ այն օգնություն է ցույց տալիս ահաբեկչական խմբավորումներին: Այդ իսկ պատճառով այսօր 7 երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը, Եմենը, Լիբիան եւ Մալդիվյան կղզիները խզել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այդ առիթով հայտարարել է, որ մշտապես հետեւում է 2022թ աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքներին եւ Քաթարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք լրացուցիչ մեկնաբանություն չենք կարող անել այդ թեմայի մասին», - նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ: Նշենք, որ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պետք է կայանա Քաթարում, նոյեմբերի 21-ից մինչեւ դեկտեմբերի 18-ը: