Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի անգամ ընկա, հետո ընդհանրապես չկարողացա քայլել» (տեսանյութ)

Հասարակություն
tati

Արդեն 2 տարի է՝  Լիդա Մեջլումյանը բացառիկ դեպքերում է անկողնուց  վեր է կենում։ Ութ տարի առաջ ստացած իշեմիկ ինսուլտից հետո կինը 2-րդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել. «Քայլակ չունեի, փայտով էի քայլում,  մի անգամ ընկա միջանցքում, դրանից հետո ընդհանրապես չկարողացա քայլել»։ Տեղաշարժվելու համար 73-ամյա կինը երբեմն հարեւանից  էր քայլակ խնդրել։ «Բժիշկը եկավ՝ նայեց, ասեց՝ գրեմ, գնա ստացի, քեզ հասնում է, դրանից հետո՝ զանգ, զանգ, ասում են պայմանագիր չունենք»։ Մի քանի օր առաջ  Լիդա  Մեջլումյանը վերջապես ստացել է քայլակը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության գնումների բաժնի պետ Կարեն Բաբախանյանն ասում է, որ խնդիրը պայմանավորված է գնումների գործընթացը մրցակցային դարձնելու հետ։ Սովորաբար, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման մրցույթը կազմակերպվում է ամեն տարվա դեկտեմբերին։ «Այս անգամ եւս միցույթը կազմակերպվել  է դեկտեմբերին, սակայն բողոքարկվել է  մասնակիցներից մեկի կողմից՝ 2 անգամ, որի արդյունքում ընթացակարգը 2 ամսով կասեցվել է»։ Բանն այն է, որ տարիներ շարունակ մրցույթներին մասնակցել եւ ծառայությունը մատուցել են 2 ընկերություն։ Արդյունքում, ըստ պաշտոնյայի, ստեղծվել էր ոչ ազնիվ միցակցային դաշտ։ «Նրանք իրար մեջ բաժանել էին չափաբաժինները եւ ծառայությունները։ Արդյունքում, տնտեսումներ չեն եղել, ինչ գումար նախատեսվել է, այդ գումարով էլ իրացվել է»։ Թե այս տարի քանի հոգի կստան պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ՝ պարզ չէ։  Բայց  գործընթացի վերսկսումից հետո  տրամադրվել է 27 սայլակ եւ 50 քայլակ։