Հայաստանն ու Վրաստանը ունեն չօգտագործված ներուժ. Միխեիլ Ջանելիձե (տեսանյութ)
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մամլո հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ բանակցությունների արդյունքներով Հարգելի գործընկեր, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ Միխեիլ Ջանելիձեին։ Խորհրդանշական է, որ մեկ տարի առաջ պարոն Ջանելիձեն արտերկրյա առաջին բարձրաստիճան հյուրն էր, ում ընդունեցինք արտգործնախարարության նոր շենքում։ Դրանից հետո մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ միջազգային համաժողովների շրջանակներում։ Պարոն Ջանելիձեի հետ մեր մշտական ինտենսիվ երկխոսությունը հնարավորություն է ընձեռում քննարկելու երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, առաջ մղելու համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մեր ջանքերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձանք մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով։ Երկու կողմերն էլ պարբերաբար կրկնում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են։ Մեր այսօրվա հանդիպումը ևս դրա ապացույցն էր։ Մեր փոխգործակցության կարևոր բաղադրիչն է տարածաշրջանում կայունության շուրջ շահագրգիռ երկխոսությունը: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ տնտեսական համագործակցությունն առաջընթաց է արձանագրել, արդյունավետ գործունեություն է ծավալում համատեղ միջկառավարական հանձնաժողովը։ Քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարեցինք մեր երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը. այսօր այն ներառում է ութ տասնյակից ավելի փաստաթղթեր։ Զրույցի ընթացքում արծարծեցինք նաև վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ես վրացի գործընկերոջս տեղեկացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերի մասին։ Այս առումով մենք կարևորում ենք Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։ Մենք քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ։ .............. Վրաստանի Արտգործնախարարն էլ իր ելույթում մասնավորապես ասել է. Հայաստանն ու Վրաստանն ունեն չօգտագործված ներուժ, որը պետք է այս տարի օգտագործվի՝ ի շահ երկու երկրների. «Կարեւոր է տարանցիկ ներուժի օգտագործումը՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմամբ, այդ թվում՝ Սևծովյան նավահանգստի ենթակառուցվածքների օգտագործմամբ»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն : Այս տարի լրանում է երկրների դիվանագիտական հարաբերությունների 25 տարին: նախարարները վստահ են՝ յուրահատուկ տարի է երկկողմ հարաբերությունների համար: «Այս տարիների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել վստահության հիման վրա հիմնված փոխշահավետ գործընկերության զարգացում» Հայաստանում պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել է քաղաքական երկխոսությունը ավելի ինտենսիվ դարձնելու, առկա առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ու վիրահայության խնդիրների հետ կապված հարցեր: «Վրաստանի ԱԳ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, քննարկվել է իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքների շուրջ, շեշտվել է տարածաշրջանում անվտանգության պահպանման կարևորությունը»,- ասել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն :