Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Ղազարյանը չի խաղա վեց ամիս

Սպորտ
sport-kazaryan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, որը ծնկի վնասվածք էր ստացել աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հավաքականի հետ խաղում, վիրահատվել է Մյունխեն քաղաքի կլինիկաներից մեկում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Ինչպես եւ սպասվում էր, բուժզննումը ցույց տվեց, որ վիրահատության կարիք կա: Երեկ վիրահատվեցի: Ամեն ինչ նորմալ անցավ: Բարեբախտաբար, մենիսկի (ծնկի վնասվածք) հետ ամեն ինչ նորմալ է, կողային կապանը եւս վիրահատության կարիք չունի: Վիրահատել են միայն խաչաձեւ կապանս, որը վնասվել էր առջեւից եւ ետեւից: Նախնական տվյալներով վերականգնման համար կպահանջվի առնվազն վեց ամիս: Անկախ տեղի ունեցածից, հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ իմ Գերմանիա մեկնելու եւ վիրահատվելու գործընթացն արագ կազմակերպելու համար: Շնորհակալ եմ նաեւ իմ խաղընկերներին եւ հատկապես երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր, եւ որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչեւ հիմա», - Ղազարյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: