Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆ

Մշակույթ

Կամերային երաժշտական պետական թատրոնի տնօրենի պաշտոնից ՀՀ Մշակույթի նախարարի հրամանով ազատված Լեւոն Աբրահամյանն այսօր ասուլիս էր հրավիրել հենց Կամերային երաժշտական թատրոնի դահլիճում, որը գտնվում էր անմխիթար վիճակում եւ որտեղ սարսափելի ցուրտ էր:

Հիշեցնենք, որ Լեւոն Աբրահամյանը Կամերային երաժշտական թատրոնի ութերորդ տնօրենն էր, որը կարողացավ աշխատանքից հեռացնել թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանին, որն էլ իր հերթին բազմաթիվ բողոքներ ներկայացրեց մշակույթի նախարարությունը: Լեւոն Աբրահամյանի ներկայացմամբ, մշակույթի նախարարությունը չի տրամադրում իր պաշտոնանկման հիմքերը, որպեսզի նա էլ հնարավորություն ունենա դիմել դատարան: Լեւոն Աբրահամյանը նշում է, որ «վստահությունը կորցնելու համար» հիմնավորումը չի հասկանում, թե ինչու է արված եւ ընդհարապես սազական չէ իրեն:

Արդեն երեկվանից թատրոնի ժամանակավոր տնօրենի պաշտոնում է Դավիթ Հակոբյանը, սակայն թատրոնի աշխատակիցները ոչինչ չունենալով նրա դեմ, չեն ցանականում որպեսզի իրենց տնօրենի պաշտոնում լինի Դավիթ Հակոբյանը: Ի դեպ, Լեւոն Աբրահամյանի հրավիրած ասուլիսին ներկա էր նաեւ թատրոնի աշխատակազմի մի մասը, որի ներկայացուցիչները պնդում են, որ աշխատակիցների 50 անդամներից 43-ը կողմ է, որպեսզի Լեւոն Աբրահամյանը աշխատի թատրոնում որպես տնօրեն:

Իսկ Լեւոն Աբրահամյանն այսօր էլ ասուլիսի ընթացքում նշեց, որ չի զղջում թատրոնի գեղարվեստական ղեկավարին պաշտոնից հեռացնելուց, քանի որ մինչ այդ Մելիքսեթյանին երեք նկատողություն էր արել` տարբեր առիթներով: «Որից հետո ինքն ինձ տարբեր պատճառներով ներվայնացրեց, ու ես հանեցի նրան աշխատանքից, որի համար չեմ փոշմանել»,- լրագրողներին տեղեկացրեց Լեւոն Աբրահամյանը. «Մոտ մեկ ամիս մշակույթի նախարարությունից հանձնաժողով էր եկել եւ ստուգում էին հաշվապահական եւ իրավաբանական թղթերը, տեխնիկան, 30 կետով բողոքներ էին ներկայացրել, իբրեւ ուզում եմ այս տարածքն ինձանով անել, այն սարքել «ստրիպտիզ կլուբ» եւ այլն: Այդ բոլորը Մելիքսեթյանի կլյաուզաների շնորհիվ էր»:

Թատրոնի նախկին տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ օրենք սիրող մարդ է եւ շարժվելու է օրենքներով: Այսինքն` Լեւոն Աբրահամյանը փորձելու է իր իրավունքները պաշտպանել դատարանում:

Չնայած թատրոնում ստեղծված իրավիճակին, այնուամենայնիվ, աշխատանքը թատրոնում կանգ չի առել եւ դեկտեմբերի 16-ին Տիկնիկային թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի «Բրոդվեյ+» ներկայացում- գալահամերգը: