ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ 18-րդ ԴԱՐԻ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 5-ը նշանակալից օր էր ողջ հնդկահայ գաղութի համար, քանզի հավատացյալների համար կրկին իր հյուրընկալ դռները բացեց հիմնովին վերանորոգված Սայդաբադի Ս. Մարիամ հայկական եկեղեցին:
1758թ. Ջուղայեցի նշանավոր վաճառական Խոջա Պետրոսի ջանքերով կառուցված եկեղեցին գրեթե կես դար չէր գործում: Բնական աղետների պատճառով զգալիորեն տուժել էր եկեղեցու քարեղեն շինությունը: Սակայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ Կալկաթայի եկեղեցական վարչության անմիջական ջանքերի շնորհիվ այսօր Ս. Մարիամ եկեղեցին հիմնովին վերանորոգվել է, բարեկարգվել է տարածքը, կառուցվել է նոր զանգակատուն, Հայոց Եկեղեցուն են վերադարձվել նախկինում բռնազավթված տարածքները:
Ամբողջ օրվա ընթացքում չէր դադարում շրջակա բնակիչների հոսքը եկեղեցի, որոնցից շատերը բազմաթիվ հետաքրքիր հիշողությունների էին մտաբերում եկեղեցու անցյալի մասին:
Արարողությանը ներկա էին եկեղեցական վարչության անդամներ, հնդկահայեր, ԱՄՆ-ից եւ Հունաստանից այս առիթով ժամանած Սայդաբադի հայկական եկեղեցու վերջին խնամակալներ` Մատթեոս եւ Մերի Կարապետյանների թոռնուհիներ` Տիկին Հեղինե եւ Սիլվա Կարապետյանները, Սայդաբադի պետական մարմինների ներկայացուցիչներ: