ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԱՄԱԽՄԲԵՑ ԵՐԳԻՉՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 3-4 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի մեծ համերգասրահում տեղի ունեցավ երգչուհի Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված «Դեպի երկինք» համերգային ծրագիրը: Համերգը կազմակերպել էին նրա մտերիմ ընկերները: Համերգից վաճառված տոմսերի ամբողջ գումարը փոխանցվելու է Վարդուհի Վարդանյան հիմանադրամին` հատուկ նրա տղայի համար բացված հաշվեհամարի վրա:
Այդ երկու օրերին օպերայի համերգասրահում էին հավաքվել երգչուհու երկրպագուները եւ հայակական շոու-բիզնեսի բոլոր վառ ներկայացուցիչները, որոնք իրենց կատարումներով հանդիսատեսին մեկ անգամ եւս հիշեցնում էին Վարդուհու վառ կերպարի մասին:
Համերգը սկսվեց հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններով: Համերգի գլխավոր կազմակերպիչն էր երգչուհի եւ Վարդուհու մտերիմ ընկերուհի Սյուզան Մարգարյանը: «Նա շատ ծրագրեր եւ նպատակներ ուներ, եւ ամեն ինչ անում էր, որպեսզի իրագործեր դրանք: Նրա վառ հիշատակը միշտ կմնա մեր սրտերում, սա միայն սկիզբն է, դեռ կկազմակերպվեն բազմաթիվ համերգներ, պատրաստվում է լույս տեսնել նրա կիսատ թողած ձայնասկավառակը, երգիչ Արսեն Գրիգորյանի հետ նկարահանված տեսահոլովակի վերջին աշխատանքներն են կատարվում եւ շուտով այն կհանձնվի հանդիսատեսի դատին»,- ասաց Սյուզան Մարգարյանը:
Համերգի ընթացքում հնչում էին երգչուհու տեսագրված կատարումները, հատվածներ էին ցուցադրվում նրա տեսահոլովակներից: Ինչպես պատմում էր երգչուհի Քրիստինե Պեպելյանը, «Վարդուհին, կարծես, խաղաղության աղավնի լիներ, բոլորին համախմբում էր եւ մտերիմ էր բոլորի հետ:
Նրան սիրում էին բոլորը առանց տարիքի սահմանապակման»: Ինչպես Քրիստինեն էր ասում, հիմա երգիչ երգչուհիները Վարդուհու դեպքից հետո ավելի համախմբված են դարձել, ինչը զգացվում էր նաեւ բեմի ետեւում` «կուլիսներում», որտեղ նրանք հավաքված Սյուզան Մարգարյանի կողքը հետեւում էին բեմում երգող իրենց ընկերների ելույթներին:
Սակայն բոլորն ասում էին, որ նրանք այս ամենի համար շատ թանկ վճարեցին` Վարդուհու կյանքով: Անդրեն «Հորդ անձրեւ» զուգերգը կատաելիս շատ հուզած էր, քանի որ ստիպված էր բեմ դուրս գալ առանց իր գործընկերոջ` Վարդուհու, սակայն ինչպես Անդրեն ասաց, նա զգում էր Վարդուհուն կանգնած իր կողքին: «Այն փաստը, որ Վարդուհին չկա, դժվար է մեզ համար, եւ մենք` երգիչներս, կանենք ամեն ինչ, որպեսզի նրա նպատակները կապված իր երեխայի հետ իրագործենք»,- նշեց Անդրեն: