Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ կանայք դիմում են վարչապետին

Հասարակություն
mankapartez

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ բաց նամակը՝ ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին Մեծարգո պարոն վարչապետ, Համաձայն ՀՀ կառավարության 2016 թ. մարտի 24-ի թիվ 336-Ն որոշման, Դիտակ գյուղի մանկապարտեզի գործարկման և վերազինման համար որպես սուբվենցիա կառավարության պահուստային ֆոնդից հատկացված էր 11 մլն դրամ, սակայն այդ որոշման կատարումն անհասկանալի պատճառներով հետաձգվում էր: Միայն այն բանից հետո, երբ վարչապետին կից ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի 2016 թ-ի մայիսի 6-ի նիստի ժամանակ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն դիմեց Դիտակ գյուղի  վերակառուցված մանկապարտեզի համաֆինանսավորման գործընթացն արագացնելու խնդրանքով, կառավարությունն անմիջապես արձագանքեց, և արդյունքում` մանկապարտեզի գործարկումը 40 երեխայի համար դարձավ հնարավոր: Հարկ ենք համարում նշել, որ մանկապարտեզի վերակառուցումն իրականացվել է բարեգործական ծրագրի շրջանակում` Sourir vers I'Avenir մասնավոր շվեյցարական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և Շվեյցարիայի դեսպանատան մասնակցությամբ, որի դեսպանը ներկա է գտնվել մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի վերակառուցման համար ծախսվել է 77500 ԱՄՆ դոլար: Ցավոք սրտի, նոր ձևավորված ՀՀ կառավարությունը 2017 թ.-ից դադարեցրել է Դիտակի մանկապարտեզի ֆինանսավորումը: Պարոն վարչապետ, մենք ողջունում ենք մեր երկիր ներդրումների ներգրավման Ձեր մոտեցումը: Դրա հետ մեկտեղ Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ դոնորները և բարեգործական հիմնադրամներն, իրականացնելով  ներդրումային և բարեգործական ծրագրեր, մեծ ուշադրություն են դարձնում կառավարության դիրքորոշմանն այն խնդիրների վերաբերյալ, որոնք նրանք օգնում են լուծել իրենց ֆինանսական աջակցության շրջանակում: Տվյալ դեպքում, խնդիրը վերաբերում է  Դիտակ գյուղի երեխաներին: Մենք դիմում ենք Ձեզ խնդրանքով, որ կառավարությունը Դիտակ գյուղի մանկապարտեզին ֆինանսավորում տրամադրի շարունակական հիմունքներով և հույս ենք հայտնում, որ այդ հարցը դրական լուծում կստանա նախքան Շվեյցարիայից նկարահանող խմբի ժամանումը, որը մտադիր է ֆիլմ նկարահանել վերոհիշյալ բարեգործական ծրագրի մասին: Դոնորների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների բարեգործական ներդրումային ծրագրերում համագործակցությանն ուղղված ջանքերը կարող էին ունենալ շարունակություն այլ դպրոցների և մանկապարտեզների մասով, որոնց կարիքն այդքան ունեն մեր երեխաները: Հարգանքով`   Ելենա Մանվելյան «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ