Բնությունը Չարենցի վրա զարմանալի պատվաստումներ էր կատարել. Պարույր Սևակ (տեսանյութ)
«Բանաստեղծները շատ բանով նման են ծառերին. կան վաղահասներ, կան աշնանահասներ, երբեմն ձմեռնուկներ… մայր բնությունը Չարենցի վրա զարմանալի պատվաստումներ էր կատարել, մենք ընդամենը տեսանք Չարենցի ապշեցուցիչ վաղահասությունը, որ հազվադեպ է լինում առհասարակ»: Այս տողերը Պարույր Սևակի զեկույցից է՝ Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի հանդիսավոր երեկոյին: 1897թ.-ի այս օրը Կարս քաղաքում ծնվեց Եղիշե Սողոմոնյանը, որը պետք է դառնար մեծ պոետ Եղիշե Չարենց, շատերի նման գար հայրենիք՝ կառուցելու հոգևոր Հայաստան և շատերի նման՝ նահատակվեր։ Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել երկրից , սակայն Չարենցը իրեն Հայաստանից դուրս չէր պատկերացնում։ 1936-ի սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի են ենթարկում, իսկ շուտով նաև`ձերբակալում: 1937-ի աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: Չարենցը ապրեց ընդամենը 40 տարի, որից քսանհինգը՝ ստեղծագործեց: «… Եվ այսպես, ահա ես՝ 25 տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան հերկելուց հետո, ահա տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը՝ մենակ ու հալածական, պոետ՝ աքսորյալ սեփական հայրենիքում…»,- կգրի Չարենցը 1937-ի մարտի 28-ի գիշերը: «Մայրս՝ Անահիտը, արտաքինով էր շատ նման Չարենցին»,- ասում է թոռնուհին՝ Գոհար Բազյան-Ջերրահյանը, «սակայն նրա բուռն ու հակասական խառնվածքը ժառանգել էր մորաքույրս՝ Արփենիկը»: Նրա կյանքի ժամանակը, իր ժողովրդի պատմության վայրիվերումներով լի ժամանակներն էին ու պոետի գրիչը արտացոլեց հայոց պատմության ամենաբարդ ու հակասական շրջաններից մեկը` լեցուն ողբերգություններով, վերելքներով, հուսախաբություններով ու հույսերով: