«Ալ Արաբի»-ն գնեց Նարեկ Մալյանի վեպի իրավունքները
Շնորհանդեսից ուղիղ 10 օր անց «Ալ Արաբի» եգիպտական հրատարակչությունը 7 տարով ձեռք է բերել Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» վեպի իրավունքները։Գիրքը շուտով կթարգմանվի և լույս կտեսնի արաբերենով։ Վեպում իրադարձությունները ծավալվում են տարբեր սյուժետային գծերով։ Հեղինակը միավորել է տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում և կրոնական տարբեր քաղաքակրթություններում տեղի ունեցող իրադարձությունները մի կետում՝ զրոյական ։ Իրականում վեպում մի քանի զրոյական կետեր կան , որոնք միավորվում են ամենագլխավոր կետի շուրջ։ Վեպը ծնվել է 2015թ նոյեմբերի փարիզյան ահաբեկչությունից հետո, դարձել առիթ ուսումնասիրությունների եւ վերհիշելու , որ դրանից ուղիղ 920 տարի առաջ՝ Հռոմի պապ Ուրբան երկրորդը հենց Նոտերդամում է ներկայացրել իր հայտնի քարոզը, որը դարձավ Խաչակրաց արշավանքների սկիզբը եւ փոխեց ողջ Եվրոպայի ճակատագիրը: Նարեկ Մալյանը փորձել է ներկայացնել Ուրբան պապի քարոզի եւ Փարիզյան ահաբեկչության կապը։ Երկրայինի հանդեպ պաշտամունքի, տարբեր Աստվածների երկրպագող մահկանացուների միջեւ ծագած սիրո, առ Աստված երկրպագության արդյունքում սպանվող մարդկային սիրո մասին է վեպը, որը ընթերցողին խոստանում է ճամփորդություն 1095թ-ից մինչեւ մեր օրերը։ «Զրոյական կետ»-ը ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի երկրորդ գիրքն է։