Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորագրվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքային համաձայնագիրը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dashink4

Հայաստանյան քաղաքական դաշտում երկար քննարկված և սպասված դաշինքն ի վերջո կայացավ: Երևանի ամենաշքեղ հյուրանոցների մեկում՝ Դաբլ Թրի բի Հիլթըն հյուրանոցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն ու Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր դաշինքի ստեղծման մասին փաստաթուղթ ստորագրեցին: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» անունն ստացած դաշինքը երեք ուժերի ներկայացուցիչներից կազմված թիմով կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Դաշինքի կազմում է նաև «Ժողովրդական կուսակցությունը՝ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում նշեց՝ իրենք անհրաժեշտ են համարում փոխել գործող արատավոր համակարգը: «Նոր որակի իշխանություն ձևավորելու նպատակով են այս ուժերը միավորվել»,- ասաց նա: Դաշինքի համաձայնագրի ստորագրմանն ու ձեռքսեղմմանը հաջորդեց ճեպազրույցը: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Այսօր պատմական է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ռազմական գործիչ, գեներալ պետական մեծ ավանդ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը, ինչպես նաև այլ կազմակերպություններ ու գործիչներ որոշել են, որ Հայաստանի առաջ մարտահրավերն այնքան մեծ են, որ պետք է միանան: Մենք այսօր մեկնարկն ենք տալիս նոր խարիզմայի: Մենք ասում ենք այո Հայաստանի ինքնիշխանությանը Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը»: Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողություն մաղթեց մյուս բոլոր դաշինքներին, նաև նշեց՝ այս իշխանությունն ապրում է իր վերջին օրը: «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն ասաց. «Ես երկրորդում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքն ամբողջությամբ: Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանին, Վարդան Օսկանյանին շատ բան է միավորում՝ մենք եղել ենք պետականության ակունքներում, յուրաքանչյուրս այս տարիների ընթացքում մեր ներդրումն ենք բերել այս պետականությանը: Տարիներ առաջ մենք Հայաստան ենք եկել մեծ հույսերով և ուղերձով՝ ստեղծելու մեր երազած Հայաստանը, որտեղ ողջ հայությունը կարող է գալ և ապրել: Այն, ինչ մենք ցանկացել ենք, հեռու է իրականությունից: Սա հազվագյուտ առիթներից է՝ երկրում իրավիճակ փոխելու»: Վարդան Օսկանյանի պնդմամբ՝ ապացուցված է, որ Հայաստանի զարգացմանը խոչընդոտում է գործող իշխանությունը. «Կանգնած ենք պատմական պահի առաջ, երբ պետք է երկրում իրավիճակ փոխենք»: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասում է. «Ըստ էության ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարևոր ընտրություններ, երբ ձևավորվելու է իշխանությունը, և կարևոր է, որ յուրաքանչյուր անձ մասնակցի դրան: Ազգային երաշխիքների ձևավորման հիմքում լինելու է մարդը, սահմանում կանգնած զինվորը, ուսուցիչը և այլն: Մենք կարևորում ենք անվտանգության երաշխիքների բարձրացումը: Ես համապատասխան միջոցառումներ եմ ձեռնարկել հայկական բանակը զարգացնելով և այն մարդակենտրոն դարձնելով: Եվ զգալով այն խնդիրները, որ գոյություն ունեն բանակում, այսօր անհրաժեշտ է թիկունք՝ մեր բանակի գործունեության համար: Մեր դաշինքում ունենք փորձառու գործիչներ, որոնք այդ ճանապարհով են անցել և ներդրում ունեն: Մենք եկել ենք աշխատելու, որն իրականացնելու ենք կառավարման համակարգում: Ամենամեծ թերությունը, որ գոյություն ունի՝ իշխանության ու մարդկանց միջև եղած անջրպետը, մենք փորձելու ենք վերացնել: Մենք ուշադրություն ենք դարձնելու մեր յուրաքանչյուր քաղաքացու անձնական արժանապատվությանը: Հնարավորություն ենք ստեղծելու մեր հայրենակիցներին աշխատելու, հնարավորություն ստեղծելու համար»: Դաշինքին միացել են Ժողովրդական կուսակցություն, Արդարություն կուսակցությունը, Անկախ դատարաններ ՀԿ-ն և այլ ուժեր: Մանրամասները՝ ավելի ուշ