ՀՀԿ տարածքային ցուցակում նախկին ԲՀԿ-ականներ են (տեսանյութ)
Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստին քննարկվել է ՀՀԿ նախընտրական ծրագիրը. «Այն հիմնականում պատրաստ է, ամբողջությամբ պատրաստ կլինի մի քանի օրից»: Շարմազանովը նշեց, որ այսօր կազմվել է միայն 13 տարածքային ցուցակներ, իսկ համամասնական ցուցակը պատրաստ կլինի երեքշաբթի կամ չորեքշաբթի: Հարցին, թե կա՞ն ցուցակում մարդիկ, որոնցից ժողովուրդն անընդհատ դժգոհել է. «Ես տեղյակ չեմ, ժողովուրդը ումից է գոհ ումից է դժգոհ: Դա պարզ կլինի ապրիլի երկուսին»,- պատասխանեց Շարմազանովը: ՀՀԿ ցուցակում ընդգրկվել են ոչ միայն ՀՀԿ -ական հայտնի անդամներ, այլեւ նախկին ԲՀԿ- ականներ: Օրինակ՝ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը: Ցուցակում նոր անուն էր շախմատի գրոսմաստեր Լիլիթ Մկրտչյանը: Ցուցակում ընդգրկվել է նաեւ Սերժ Սարգսյանի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Մհեր Սեդրակյանը եւ Մանվել Գրիգորյանն այս անգամ ցուցակում չկային : Այս կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը նշեց. «ԵԿՄ ից բազմաթիվ թեկնածուներ կան եւ դա հենց Մանվել Գրիգորյանի սատարումն է ՀՀԿ-ին, դա նորություն չէ: Իսկ հարգարժան Մհեր Սեդրակայանի մասին ոչինչ չեմ կարող ասել»: «Ա1+»-ի հարցին, թե քննարկվել է արդյո՞ք ընտրությունների օրը փոխելու հարցը ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Այդ հարցն այլեւս իրավական տիրույթում է, մեր ընկերները ստորագրահավաք են սկել: Դա հիմա իրենց խնդիրն է, եթե ՍԴ-ն որոշի, որ պետք է փոխել օրը, ապա մենք կկատարենք այդ որոշումը: Իսկ այս պահին, դուք գիտեք, որ ոչ բոլորն են համաձայն փոխել ընտրությունների օրը, եթե քաղաքական դաշտում բոլորը ցանկանան՝ մենք խոչընդոտ չենք լինի»: Մանրամասները՝ տեսանյութում