Բելառուսի իշխանությունները օրինական են համարել Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին
Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի դիմումը: Լապշինը բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության որոշման, ըստ որի՝ նա պետք է արտահանձնվի Ադրբեջանին: «Լապշինը առայժմ չի արտահանձնվի Ադրբեջանին, որովհետև լրագրողի կինը պաշտոնապես դիմել է Բելառուսի իշխանություններին ՝ լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու խնդրանքով,- ասել է պաշտպանը։- քանի որ վտանգ կա խստագույն, անմարդկային պատժի կիրառման Լապշինի հանդեպ»։ Այս մասին առավել մանրամասն՝ ТАСС լրատվական կայքում։ Հիշեցնենք, Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը ՌԴ և Իսրայելի քաղաքացի է, բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։