Ծաղկաձորի ճոպանուղին շահագործվում է անվտանգության կոպտագույն խախտումներով
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել ձմեռային էքստրիմի այն սիրահարների համար, որոնք իրենց ժամանցն անցկացնում են Ծաղկաձորում: Կենտրոնը զգուշացնում է, որ Ծաղկաձորի ճոպանուղին շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Ձմեռային էքստրիմի այն սիրահարներին, ովքեր իրենց ժամանցը կազմակերպում են Ծաղկաձորում: Հայտնում ենք Ձեզ, որ քաղաք Ծաղկաձորում շահագործվող ճոպանուղին (արտադրական վտանգավոր օբյեկտ) շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով, որոնք կարող են տեխնածին վթարի և արտադրական դժբախտ դեպքի պատճառ հանդիսանալ: «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համաձայն ՀՀ տարածքում շահագործվող յուրաքանչյուր ԱՎՕ (ճոպանուղի և այլն) պարտավոր է գրանցվել ԱՎՕ-ների ռեեստրում և տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչի մասին բազմիցս տեղեկացվել է Ծաղկաձորի ճոպանուղի շահագործողին, սակայն 2006 թվականից մինչ օրս այդ հորդորները անտեսվում են: Տեղի ունեցած դեպքերի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ արտադրական վտանգավոր օբյեկտներում դժբախտ դեպքերը հիմնականում տեղի են ունենում հենց փորձաքննություն չիրականացնելու պատճառով: