Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորի վերջին բառերը՝ «հպարտ եմ, պատիվ ունեմ» (տեսանյութ)

Հասարակություն
sevak-nkar

Կրտսեր սերժանտ  Սևակ Խաչատրյան, որի 20-ամյակը լրանում է այսօր,  ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից է։ Բայց հակառակորդի  գնդակը նրան  խոցեց հինգ ամիս անց՝  սեպտեմբերի 25-ին, մարտական հերթապահության ժամանակ։ Արմավիրի մարզի Արևիկ գյուղի դպրոցում   հիշում են համագյուղացի հերոսին։ Առաջին շարքում նստած  են  Սևակի ծնողները։ Փոխգնդապետ  Զավեն Հունանյանը չի կարող մոռանալ իր լավագույն զինվորին, որի հետ  ճակատագրական այդ օրը  հակառակորդի շարժն էին դիտարկում. «Սևակի կողքն եմ եղել դեպքի ժամանակ, ես ու Սևակը մարտական առաջադրանք էինք կատարում։ Սևակի վերջին բառերը եղել է՝ հպարտ եմ, պատիվ ունեմ»։ Ապրիլյան պատերազմի հերոսներից է նաև Շմանդ Պետրոսյանը։ Մատաղիսի զորամասից օրեր առաջ է զորացրվել։ Սևակ Խաչատրյանը քաղաքացիական կյանքի լավագույն ընկերներից էր։ Արցախի տարբեր զորամասերում ծառայելն անգամ նրանց չէր կտրում իրարից։ Թալիշի համար կռված երիտասարդն իր մասին չի ուզում խոսել, այսօր միայն ընկերոջ մասին է խոսում. «Ինչ որ ես եմ տեսել, էդ նույն բանն ինքն է տեսել։ Ամեն ինչ տեսել ու զգացել ենք սեփական կաշվի վրա։ Ամենալավ, ամենանվիրված ձևով է մասնակցել, դու պիտի տեսնես, որ հասկանաս, անբացատրելի է։ Ամեն ինչ անում էր՝ իր կողքի ընկերոջը չլիներ, բայց իրեն լիներ»։ Ընկերոջ կորստին մինչև հիմա չեն հարմարվում համադասարանցիները։ 12 տարի այս դասասենյակում են եղել։ Գալիս են այստեղ, երբ ընկերոջ կարիքն են ունենում։ Սևակի անունով դպրոցի համակարգչային սենյակն է անվանակոչվել։ Իսկ երկրորդ հարկի պատի կողքով անցնելիս համագյուղացի երեխաները մեկ անգամ էլ կվերհիշեն հերոսին։ Սևակ Խաչատրյանը  հետմահու  արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի։ Ավելին՝ տեսանյութով