Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառյակի պաշտպանը ձևավորվող դաշինքները տեխնիկական է համարում (տեսանյութ)

Քաղաքականություն
Garnik-Isagulyan-nkar

Ձևավորման փուլում գտնվող բոլոր դաշինքները տեխնիկական են. պնդում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Նրա պնդմամբ՝ այդ ուժերը չունեն ընդհանրական մոտեցում կարևոր  հարցերի, այդ թվում՝ պետականության մասին. «Երբեմն նույնիսկ միավորվում են ուժեր, երբ այդ մարդիկ բոլոր հարցերի նկատմամբ ունեն տրամագծորեն տարբերվող տեսակետներ»։ Բացի այդ՝ Գառնիկ Իսագուլյանը չի տեսել դեպի ընտրությունների գնացող ուժերի ծրագրերը։ Սա ասում է՝ չնայած այն բանի, որ «Ելք» դաշինքն արդեն հայտարարել է՝ իրենք գնում են Եվրոպական մոդելի Հայաստանի կերտմանը։ Մեկ այլ ուժ էլ է խոսել նպատակներից. Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքը ուզում է փոխել գործող համակարգը, որի պայմաններում չի լինի կոռուպցիա և անարդարություն։ Հիշեցնենք՝ Գառնիկ Իսագուլյանը մի քանի տարի առաջ պաշտպանում էր Քառյակին, որի կազմում ընդգրկված էին ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ- ն ու ԲՀԿ-ն։ Չնայած շատ հարցերի շուրջ տարակարծիք էին, բայց այս ուժերը դնում էին իշխանափոխության խնդիր, և պարոն Իսագուլյանի տրամաբանությամբ՝ դա ևս տեխնիկական էր։ Այդ դեպքում ինչո՞ւ էր նա պաշտպանում «տեխնիկական» միավորմանը. «Ես Քառյակին միացել եմ և դրա համար չեմ էլ ափսոսում։ Այն ժամանակ հստակ կար փաստաթուղթ, որն ասում էր ինչ խնդիրներ և ոնց են լուծվելու։ Այն ժամանակ քաղաքական ուժերը միացել էին մեկ ծրագրի շուրջ և ընդհանուր խնդիրներ էին առաջ քաշում։ Կար հստակ խնդիր, հիմա միավորվել են իշխանափոխություն անելու, հետո՞, հետո ինչ են անելու։ Ինչ տեսակետ ունեն Ղարաբաղի խնդրի հետ կապված, պետության ինչ մոդել են ուզում, դուք այդ մասին գիտե՞ք»։ Մեր հիշեցմանը՝ «Ելք» դաշինքի մասով, ու նաև այն մասին, որ ընտրություններն առջևում են ու քաղաքական ուժերը դեռ կխոսեն իրենց ծրագրերի մասին, Գառնիկ Իսագուլյանը շարունակեց պնդել իր տեսակետը։ Վերջինս նաև հայտարարեց, թե Հայաստանում ընդդիմություն չկա։ Հստակ ընդդիմադիր ուժ է Հայ Ազգային Կոնգրեսը, հնչեց դիտարկում, որին նա համաձայնեց՝ հիշելով ՀԱԿ-ի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Այնտեղ հնչեց Արցախի հարցում իշխանությունից տարբերվող տեսակետ։