Զինծառայողը մեղադրվում է սպանության մեջ, բայց զենքի վրա իր մատնահետքը չկա (տեսանյութ)
Զինծառայող Դավիթ Դումիկյանը չէ սպանության կատարողը, նա դարձել է ապօրինության զոհ։ Պնդում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։ Արդեն 9 ամիս կալանավայրում գտնվող Դավիթը մեղադրվում է 2016-ի ապրիլի 6-ին համածառայակիցներ Սուրեն Արամյանին ու Գրիգոր Ավետիսյանին սպանելու մեջ։ Ռուբեն Մարտիրոսյանն ասում է. «Դումիկյանը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքից, և հայտնել է, որ իրեն ստիպել են այդ ցուցմունքը տալ և ստիպողները եղել են ռազմական ոստիկանության աշխատակիցները, կոնկրետ՝ բարձրահասակ գնդապետ»։ Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի՝ Դավիթ Դումիկյանը մեղադրվում է սպանության մեջ այն պարագայում, երբ որևէ կերպ չի ապացուցվում որ նա կրակել է զենքից։ «Դումիկյանի զենքի վրա Դումիկյանի մատնահետքերը չկա։ Իսկ այլ զենքերի վրա կա՞ն։ Ոչ մի զենքի վրա չկա և սա բնորոշ է հանցավոր քննությանը, որը որպես կանոն ընթանում է Հայաստանում»։ Իրավապաշտպանի պնդմամբ՝ քննիչը փորձել է գործն այլ ուղղությամբ տանել՝ պաշտպանելով իրական հանցագործներին։ «Եթե մարտական հենակետում կար 18 զենք, ապա այդ զենքները պետք է ուղարկվեին ձգաբանական փորձաքննության։ Սակայն զենքերից մեկը պարտակվել է քննիչի կողմից։ Եթե քննիչն այս կարևորագույն հարցի շուրջ ընդհանրապես որևէ քննություն չի կատարում, դա նշանակում է, որ հենց քննիչը կամ քննչական մարմինն է ոչնչացրել մատնահետքերը»։ Իրավապաշտպանը արձանագրում է՝ սովորական է դարձել հատկապես զինվորական հանցագործությունների չբացահայտումը։ «Բոլոր այն մարմինները՝ դատախազություն, ՀՀ Քննչական կոմիտե, ՀՀ Ռազմական ոստիկանություն, դատարաններ, ովքեր կոչված են բացահայտել սպանությունն ու դրանով իսկ կանխել հետագա սպանությունները, իրենց կոչմանը հակառակ են գործում, աշխատում են հակառակ օրենքի»։ Իսկ այս դեպքում, ըստ նրա, առողջ քննություն տանելու պարագայում քննիչների աչքից պետք է չվրիպեր մի կարևոր դրվագ։ Արյունոտ միջադեպին մասնակցել են նաև մեկ այլ զինծառայող ու կապիտան, ովքեր իրար հետ խնդիրներ են ունեցել մինչև դիրք բարձրանալը։ Դեպքից մեկ ամիս առաջ էլ զինվորը ծեծել է կապիտանին, որի համար կարգապահական գումարտակ է ուղարկվել։