Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճիշտը մեր կողմն է, ավելի ակտիվ պետք է լինենք. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tatoyan-talish

Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ 2016 թ-ի դեկտեմբերի 29-30-ը, ապա նաեւ հունվարի ադրբեջանական կողմի ռմբակոծությունները մարդու իրավունքների կոպիտ խախտում են, ռմբակոծությունները թիրախավորված են եղել եւ նպատակ են հետապնդել՝ վնասելու հատկապես գյուղի խաղաղ բնակչությանը։ Եզրակացությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքում է կայացվել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով փաստահավաք առաքելության զեկույցը, տեղեկացրեց, որ այս գործելաոճը կազմելու է ՄԻՊ աշխատանքի կարեւոր մասը: Փաստահավաք առաքելության նպատակը քաղաքացիական բնակչության պաշտպանության առումով խախտումները արձանագրելն է։ ՄԻՊ-ի ներկայացուցիչը առանձնազրույցներ  է ունեցել Չինարիի գյուղապետի, գյուղացիների, ավագանու ներկայացուցիչների հետ, ապա վերջիններիս ուղեկցությամբ եղել է այն վայրերում, որտեղ մարդու իրավունքների խախտումներ են թույլ տրվել։ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ ռմբակոծությունները կրկնվել են հունվարի 3-ին՝  ժամը 18-19-ի սահմաններում, ինչպես նաեւ հունվարի 8-ին՝ գիշերը ժամը 24-1-ը։ Գնդակոծությունները եղել են գյուղի մանկապարտեզի, դպրոցի եւ տների ուղղությամբ։ «Փաստահավաք աշխատանքները ցույց տվեցին, որ դիվերսիոն գործողությունները սկսվել են 3 հայ զինծառայողների կյանքից զրկելով, ընդ որում՝ հայ զինծառայողին կյանքից զրկելը տեղի է ունեցել   այն պայմաններում, երբ բացակայել է որեւէ վտանգ ադրբեջանական կողմին վնաս հասցնելու։ Վտանգավոր են եղել գնդակոծությունները գյուղի ուղղությամբ։ Բնակիչները, այդ թվում երեխաները, ստիպված են եղել թաքնվել»։ Ա. Թաթոյանն ընդգծեց, որ իրենք աշխատում  են բացառապես մարդու իրավունքների տեսանկյունից եւ զեկույցում չկա որեւէ քաղաքական ուղղվածություն։ «Գյուղի տարածքում չկա որեւէ ռազմական օբյեկտ, որը կարող է ինչ–որ կերպ վկայակոչվել ադրբեջանական կողմից։ Այսինքն՝  բացառապես խաղաղ բնակչություն է, ինչը շատ ավելի ակնհայտ է դարձնում մտադրությունը՝ վնասելու խախաղ բնակչությանը»։ Ա.Թաթոյանը տեղեկացրեց, որ զեկույցը միջազգային կառույցներին կուղարկվի առաջիկա օրերին: Իսկ ինքը հաջորդ շաբաթ լինելու է Ստրասբուրգում եւ հանդիպելու է ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այնուհետեւ, մեկ շաբաթ անց Բրյուսելում է հանդիպումներ ունենալու միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների ընթացքում կներկայացնի զեկույցը: «Ակնկալիքներ ունեմ, սակայն դրանք առայժմ չեմ հրապարակում, այս հարցերում պետք է լինենք  օպերատիվ եւ համարձակ. ճիշտը մեր կողմն է, հետեւաբար, ակտիվ պետք է լինենք»,-ասաց նա: