Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը շոու բիզնես են սարքել. Արթուր Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
71243

Երեւանի  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր արդեն երկրորդ անգամ դեռ չսկսված հետաձգվեց  նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:  Գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը չէր ներկայացվել դատարան: Դատավոր Արմեն Բեկթաշյանը ընթերցեց  «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից դատարան ուղարկված  գրությունը, ըստ որի Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ եւ մասնակցել դատական նիստին: Դատարան էր ներկայացվել ՔԿՀ բժշկի գրությունը, ըստ որի առողջական վիճակը բավարար է, եւ պատգարակով մասնակցելու անհրաժեշտություն չեն տեսնում: Մինչդեռ Վահան Շիրխանյանն էլ դատարանին տեղեկացրել էր, որ առողջական վիճակով պայմանավորված  միայն պատգարակով եւ պառկած վիճակում կարող է մասնակցել դատական նիստերին: Պաշտպան Հայկ Ալումյանն էլ դատարանին տեղեկացրեց, որ նույն բժիշկը իր պաշտպանյալին նշանակել է անկողնային ռեժիմ եւ տրված տեղեկատվությունը կեղծ է: Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ  ավելացրեց, որ  դատական նիստերը  արհեստականորեն հետաձգվում են եւ խախտվում է մյուս ամբաստանյալների արդար դատաքննության իրավունքը: «Կարող էին Շտապ օգնություն հրավիրել եւ պատգարակով բերել»: Քանի որ առանց Վահան Շիրխանյանի նիստը չէր կարող շարունակվել, դատավոր Արմեն Բեկթաշյանը  այն հետաձգեց մինչեւ հունվարի 20-ը: Զինված խմբի պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանը մինչ դահլիճից հեռանալը, հայտարարեց.  «Այս  դատարանը բառիս բուն իմաստով շոու է, շոու բիզնես են սարքել: Ինչքան ուզեն փորձեն մեզ ոչնչացնել՝ չի՛ ստացվելու»: Իսկ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն էլ հավելեց, որ հաջորդ դատական նիստին չի ներկայանալու: «Մեզ  տանում, բերում են: Իսկ մեր դեմ կեղծ ցուցմունքներ տվածները ազատության մեջ են»: Հիշեցնենք, որ զինված խմբի գործով անցնում է 20 անձ: