Նոր ձևավորված դաշինքները շանսեր չունեն. Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ)
Չինաստանում, եթե ցանկանում են որևէ մեկի անիծել, ասում են՝ թող, որ հաջորդ տարին լինի փոփոխությունների տարի, քանի որ փոփոխությունները միշտ չէ, որ դրական են լինում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը. «Նոր վարչապետի օրոք փոփոխություններ, վերամիավորումներ, կրճատումներ են լինում։ Ինչ-որ մեկը մի բան գտնում է, մյուսը՝ մի բան կորցնում, նստել և սպասել, որ վարչապետը Մովսեսի դեր կկատարի, սխալ է։ Ամեն մեկն ինքը պետք է իր հերթին, իր ոլորտում աշխատի»։ Ըստ բանախոսի՝ 2016 թվականը բոլոր պետությունների համար բացասական տարի էր, ռուս-եվրոպական հարաբերությունների սրումը հանգեցրեց բազմաթիվ երկրներում աղքատության ցուցանիշի աճին. «Եթե ՄԱԿ-ի ստանդարտներով գնահատենք նաև մեր երկրի ցուցանիշներն, ապա բնակչության 50 տոկոսը կգնահատվի աղքատ, սակայն իրեն աղքատ է համարում բնակչության 20 տոկոսը, այն մարդիկ, որոնք քաղցած են քնում»։ Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Ադիբեկյանը նշեց, որ թատրոնի բոլոր տեղերն արդեն զբաղեցված են, ՀՀԿ-ն գլխավոր պարտերում է։ Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչպիսին են նոր ձևավորված դաշինքների հաղթելու շանսերը, նա պատասխանեց, որ 0-ին 0 գումարելով՝ արդյունք չեն գրանցում. «Եթե օրինակ ՀՅԴ-ն միավորվի ՀԱԿ-ի հետ, կամ ՕԵԿ-ը միավորվի ՀԱԿ-ի հետ, դա կլինի լուրջ դաշինք, բայց երբ որ միավորվում են կուսակցություններ, որոնց մասին առաջին անգամ ենք լսում, նոր են ձևավորվել ու չունեն ռեսուրս, կարող են ուժ լինել, բայց հզորություն չունեն»։