Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցանկացած պարտադրանք ունենում է իր մեջ լավ հետեւանքներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-29-1

1000 դրամի  օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ անկախ  ընդդիմության  փաստարկներից, որ այն վտանգավոր  եւ  բարոյազուրկ նախաձեռնություն է։ «Բարի, հերոսական դաշտը իրենք փչացրին, չէր կարելի նման բան անել, քանի որ կամք ունեցող մարդը սկսում է հակադրվել: Եթե առաջ մարդ ուներ տասը դրամ, ասում էր այս հինգ դրամը տալիս եմ բանակին: Հիմա, երբ ստիպում ես, որ իր մեկ դրամը դնի, ասում է՝ եղբայր, դեռ դու քո գրպանից մի քիչ հանի, հետո արի իմ գրպանը մտի»,- «Ա1+»ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Կառավարության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենսդրական  փաթեթի իրականացման համար անհրաժեշտ է  10 մլն դոլար: ՀԱԿ-ը գիտի՝ որտեղից գտնել այդ գումարները: «Մենք ասում ենք՝ տնտեսությունդ կարգավորի, գողերին բեր հարկային դաշտ, փողերը ապօրինի դուրս հանողներին կանգանցրու, տնտեսությունդ զարգացրու ու ունեցի ոչ թե 10 մլն դոլար՝ այդ խնդիրը լուծելու համար, այլ 100 մլն դոլար»,- նկատում է Արամ Մանուկյանը: Թեեւ ԱԺ քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավորները բավականին սուր ելույթներ ունեցան, սակայն քվեարկության ժամանակ կողմ արտահայտվեցին:  «Հարցի արժեքը, այնպիսի գին էր դրված քվերակության՝ հայ զինվորին օգնելու, դրա համար չեմ կարծում, որ որեւէ մեկի ձեռքը կգնար՝ չքվեարկելու կամ քվեարկելու դեմ»,- նշում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Սա, ըստ նրա, կարող էր ՀՀ պառլամենտարիզմի պատմության մեջ աննախադեպ նախագիծ լինել, եթե իշխանությունը հասարակության մեջ չսպառեր վստահության այդ ռեսուրսը. «Գաղափարն ինքնին առողջ ու համախմբող է, գաղափարն ինքնին շատ ճիշտ մեսիջներ ու մոտիվացիաներ է պարունակում: Ինչո՞ւ այդպես չեղավ, քանի որ չկա վստահություն: Վստահությունը համոզելով կամ մեդիտացիա անելով չի գալիս, այն կամ կա, կամ չկա»: Պատգամավորների որոշ առաջարկներ ընդունվել են նախագծում, սակայն անփոփոխ է մնացել 1000 դրամների պարտադիր գանձման սկզբունքը: «Երբ թեժանում է իրավիճակը, բոլորը հիշում են բանակին ու նրա սոցիալական խնդիրները, երբ այդ պահը անցնում է, շատերը մոռանում են: Ցանկացած պարտադրանք ունենում է իր մեջ շատ լավ հետեւանքներ, եւ սա այն պարտադրանքն է, որ սրանից հետո ցանկացած ՀՀ քաղաքացի եւ հատկապես մեր երիտասարդները կփոխեն իրենց վերաբերմունքը բանակի նկատմամբ»,- ասաց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «1000 դրամ»-ի անունը ստացած նախագիծը ԱԺ-ում կքննարկվի նաեւ 3-րդ ընթերցման ռեժիմով: