Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լավ խասիաթա՝ ծնունդի օրով կամանդիրովկա գնալ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azh4

ԱԺ քառօրյան դեռ չէր սկսվել, երբ լսելի դարձավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ձայնը՝ Գալուստ Սահակյանի հետ զրուցելիս. «Բայց լավ խասիաթա՝ ծնունդի օրով կամանդիրովկա գնալ»: Քիչ անց ԱԺ-ն շնորհավորեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Նա դահլիճում չէր: Այնուհետեւ ԱԺ-ն անցավ նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությանը: Բոլոր նախագծերը ձայների մեծամասնությամբ անցան: Պատգամավորները շարունակեցին քննարկել երեկ սկսված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը շատ կարճ ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ այս նախագիծը հանրային քննարկում չի անցել. «Մեկ բան ակնհայտ է, որ 10 հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներ ՀՀ-ում քիչ են, եւ ես գիտեմ, որ այդ համայնքներում մարդկանց միայն 30 տոկոսն է ապրում: Ես ուղղակի կոչ եմ անում հանել բոլոր տեղական վճարները համայնքների համար»: Իսկ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը կոչ արեց անցկացնել լսումներ ու քննարկումներ, որպեսզի համայնքների բնակիչների ձայնը լսելի լինի. «Ու հատկապես պետք է կարեւորվի սահմանապահ համայնքների աջակցությունը»: Հիմնական զեկուցող Տարածքային կառավարման եւ զարգացման հարցերի փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ նոյեմբերի 24-ին շուրջ 40 համայնքի բնակիչների հետ քննարկել  են այս նախագիծը, իսկ դեկտեմբերի 9-ին այն կքննարկվի շուրջ 100 համայնքի ներկայացուցիչների հետ. «Պատգամավորների կողմից ներկայացված բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն»: Այս պահին ԱԺ-ն սկսել է քննարկել 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկումները: