Տնօրենն անպարկեշտ վարքագիծ է դրսևորել. ՄԻՊ-ն այցելել է կրթահամալիր (տեսանյութ)
«Փոքր Մհեր» կրթահամալիրում կատարված ուսումնասիրության արդյունքում բացահայտել են մտահոգիչ խնդիրներ, որոնք հիմնարար լուծումներ են պահանջում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ըստ նրա՝ սաների հետ զրույցների արդյունքում բացահայտել են, որ տնօրենի կողմից եղել են արժանապատվությունը վիրավորող անպարկեշտ արտահայտություններ, սակայն մտահոգիչ խնդիրները, որ բացահայտվել են, վերաբերում են նաեւ կրթահամալիրի գործունեությանն առնչվող իրավական ակտերին։ «Պետք է ուսումնասիրվեն սաների իրավունքների ապահովման տեսանկյունից խնդրահարույց դրույթները։ Դրանք վերաբերում են երեխաների նկատմամբ որոշակի ներգործության միջոցներին, օրինակ տույժերի կիրառմանը՝ դրանք նպատակահարմա՞ր են, թե՞ ոչ»։ Այցի արդյունքում կատարած եզրակացությունները Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը։ Արման Թաթոյանը կրթահամալիր էր այցելել, երբ 2016 թ-ի նոյեմբերի 28-ին տեղեկություններ էին տարածվել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր տնօրենը պարբերաբար սպառնալիքներ եւ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը: