Կուսակցությունները ձևավորվելու են անձի՞, թե՞ արժեքային էլեմենտի շուրջ (տեսանյութ)
100 անդամ ունենալն էլ բավարար կլինի Հայաստանում կուսակցություն գրանցելու համար, եթե Ազգային ժողովն ընդունի կուսակցությունների մասին օրենքը։ Բացի այդ՝ կուսակցությունն այլևս կարող է ունենալ 1000 անդամ՝ այժմ սահմանված 2000-ի փոխարեն։ Արդյո՞ք այս փոփոխությունը դրականորեն կազդի հայաստանյան քաղաքական դաշտի վրա։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն օրենքից բացի, այլ հանգամանք էլ է կարևորում։ «Ինչ-որ չափով օրենքում կա լիբերալիզացիա, որը մի կողմից դրական է, բայց դրա հետ միասին պետք է մշակույթը ստիպի, որ կուսակցությունները դառնան աշխատող։ Իսկ մշակույթը գալիս է հետևյալից՝ կուսակցություններն էլի ձևավորվելու են անձի՞ կողքը, թե՞ արժեքային էլեմենտի, կուսակցության հիմքում ծառայելու է իր արժեքային խնդի՞րը, թե՞ էլի ընդամենը գալու են ասեն՝ մենք 3-4 հոգով սիրուն լավ տղա աղջիկներ ենք ու հավաքվել ենք՝ ինչ-որ մի բան ենք անում»։ Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենքը գործնականում դրական արդյունքների կհանգեցնի, եթե Հայաստանն ունենա 40%-անոց միջին խավ։ Հիշեցնենք, այսօր «Կուսակցությունների մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց։