Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1000 դրամի նախագիծը կլինի, բայց շտկումներով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj3

1000 դրամի օրինագծի  նկատմամբ հասարակական քննադատությունը տեղ է հասել։ Նախագիծը  երկրորդ ընթերցման ժամանակ  կլինի շտկումներով։ «Այս պահին չեմ կարող ասել, թե որ կետերն են փոփոխվել, բայց որոշ բաներ իհարկե փոխվել են»,- ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Պաշտպանության նախարարությունում էլ գիտեն՝ քաղաքացիները դեմ են ոչ թե 1000 դրամ տալուն, այլ գաղափարն իրականացնողներն են պակաս վստահելի։ Նաև դրա համար իրենք չեն մասնակցի հիմնադրամի կառավարմանը։ «9 հոգուց, որ պիտի կառավարեն ֆոնդը, առաջարկված է հասարակական հատվածի ներկայացուցիչներ, 3 հոգին, որոնց պիտի նշանակի կառավարությունը, 2-ն առաջարկված է ընդդիմության ներկայացուցիչներ, և 3 հոգին մնալու է ԿԲ-ից մասնագետներ։ 9 հոգուց 5 հոգին առավել վստահելի մարդիկ պիտի լինեն»։ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն ստեղծվելիք հիմնադրամի կողմնակիցներից չէ։ 2002 թվականից գործող Մարտիկ հիմնադրամն էլ էր բանակն ուժեղացնելու առաքելությամբ գումար հավաքում։ Արդյունքները, սակայն, չեն երևում։ «Ես շատ կոնկրետ տարբեր ժամանակներ հարցրել եմ՝ քանի սպա է վերապատրաստվել դրսում, քանի մարդ է կրթության ուղարկվել, այդպես էլ պատասխան չեմ ստացել»,- ասում է տիկին Բախշյանը։ Պարտքով բյուջեի ծախսերը կատարող Հայաստանի կառավարությունն աչքը կարող է գցել զինվորների համար հավաքվող գումարների վրա։ «Այդ գումարների ծախսման ուղղությունը մեկ էլ տեսար ինչ որ օրենքի նախագծով կփոխեն, կտանեն ուրիշ կողմ։ Կտանեն ուրիշ բանի համար կծախսեն»,- կարծում է Անահիտ Բախշյանը։ «Ամսական ամբողջ Հայաստանից հավաքելով 1 միլիոն դոլար, դու դրանով ցույց ես տալիս քո սնանկ լինելը, քո անվճարունակ լինելը, քո անարժանապատիվ լինելը և պետական սրբագույն ֆունկցիան ուրիշի վրա դնելը»,- նշում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Տարեկան Հայաստանից 1.5 միլիարդ դոլար է անօրինական դուրս բերվում։ Որտե՞ղ է մեր ԱԱԾ-ն, որը պետք է դա թույլ չտա։ Այդ գումարները հենց կարող են ուղղվել բանակին։ Ընդդիմադիր պատգամավորը գիտի՝ որտեղից ամսական 1 միլիոն դոլար գոյացնել։ «Դահլիճում, որտեղ քննարկվում և քվեարկվել է, 60 հոգի պաշտոնապես միլիոնատեր են, էդ ո՞նց, 5 միլիարդատեր կա երկրում»։ «Հոդված 3»  մամուլի ակումբում կազմակերպված քննարկումը եզրափակում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջարկով հասարակությանը՝ ընտրեք ձեր ներկայացուցիչներին ու եկեք կառավարեք հիմնադրամը։