Պատգամավորներից ու ԱԺ աշխատակազմից հավաքվել է 2 մլն 26 հազար դրամ
Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ կողմից աջակցության հիմնադրամն այսօր ԱԺ-ում անցկացրեց իր առաջին աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում ներկայացրեց zinvor.org կայքը: Հիմնադրամի տնօրեն, ԱԺ Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց, որ այս պահին պատգամավորներից ու ԱԺ աշխատակազմից հավաքագրվել է 2 մլն 26 հազար դրամ: Սա միայն հոկտեմբեր ամսվա աշխատավարձն է. թեեւ պատգամավորներն ապրիլյան պատերազմից անմիջապես հետո էին ցանկություն հայտնել իրենց աշխատավարձերից մեկ տոկոսի չափով պահումներ անել, սակայն կազմակերպչական հարցերի պատճառով կամավոր պահումները իրականացվել են միայն հոկտեմբերից: Արսեն Բաբայանի խոսքով՝ հիմնադրամին փոխանցում է արել 477 մարդ՝ պատգամավորներ եւ ԱԺ աշխատակիցներ. «Ամենափոքր փոխանցումը՝ աշխատավարձի մեկ տոկոսի չափով, կազմել է 160 դրամ, որը փոխանցել է մեր վարչության օպերատոր Քալաշյան Հրայրը: Ամենամեծ փոխանցումն արվել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի կողմից՝ 466 հազար դրամ, որը ոչ միայն աշխատավարձից պահում է, այլեւ մի ամբողջ աշխատավարձ է: Պատգամավորների մեծ մասն էլ աշխատավարձի տասը տոկոսի չափով են փոխանցում արել»: Եղել են պատգամավորներ, որոնք փոխանցում չեն արել, օրինակ՝ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը, որը նաեւ հիմնադրամի խորհրդի անդամ է: «Ես վստահ եմ, որ դա տեխնիկական խնդիր է, քանի որ պատգամավորը տեղյակ չի եղել, որ պետք է դիմում գրի՝ փոխանցման համար: Այդ պատճառով վստահ եմ՝ նա ոչ միայն մեկ տոկոսի չափով, այլեւ մյուս ամիս նախորդն էլ կփոխանցի»: Ամենից շատ բացակայություններով աչքի ընկնող ԲՀԿ խմբակցության անդամ Գագիկ Ծառուկյանի փոխանցման մասին Արսեն Բաբայանը կոչ արեց տեղեկանալ հիմնադրամի կայքից: Պարոն Բաբայանը տեղեկացրեց, որ հիմնադրամի կայքում կլինեն հրապարակումներ, թե տվյալ փոլում որոշակի ինչ աջակցություն է ցուցաբերվել այս կամ այն զինվորի, կամ նրա ընտանիքի. «Հիմնական նպատակը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլ հոգալ տվյալ մարդու ապրելու խնդիրը: Հանդիպելու ենք նաեւ առանձին-առանձին այդ ընտանիքների հետ»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ միայն հիմա հիմնադրամը որոշեց անցկացնել իր աշխատանքային առաջին նիստը, արդյոք դա պայմանավորված էր օրերս ԱԺ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցադրմամբ, Արսեն Բաբայանը նշեց, որ այս հիմնադրամը վերջնականորեն ձեւավորվել է սեպտեմբերին, իսկ նիստի անցկացման օրը վաղուց էր որոշվել: Նա նաեւ նշեց, որ ԲՀԿ-ն որոշում է կայացրել չմասնակցել հիմնադրամի աշխատանքներին, իսկ ՀԱԿ-ը թեեւ մասնակցում է հիմնադրամի աշխատանքներին, սակայն հրաժարվել է խորհրդի կազմում անդամ ունենալուց: ՕԵԿ խմբակցությունը եւս որոշել է ոչ թե հիմնադրամի շրջանակներում, այլ իր ջանքերով զինվորի աջակցության աշխատանքներ իրականացնել: Արսեն Բաբայանը, ի դեպ, մտավախություն չունի, որ «1000 դրամների» նախագծի ընդունումից հետո հիմնադրամի աշխատանքները կդադարեն: Հիմնադրամի խորհրդի կազմում է նաեւ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա իր հերթին նշեց, որ հաճախ ՊՆ օգնությունը շատ զինվորների ընտանիքներ ոչ արդյունավետ են ծախսում. «Ուսումնասիրելու ենք բոլորի կարիքները եւ նպատակային հատկացումներ ենք անելու՝ աշխատելու հնարավորությունների ստեղծում, կենցաղային պայմաններ, ուսման հարցեր եւ այլն»: Պարոն Հովհաննիսյանը նաեւ ընդգծեց, որ զինվորին օգնելու հիմնադրամները այսօր շատ են՝ մեկ տասնյակից ավելի. «Հիմնադրամներ կան, որոնք անգամ տվյալներ մեզնից չեն ուզում, քանի որ ունեն իրենց բազան»: Նա անդրադարձավ սահմանին առկա ընդհանուր լարվածությանը՝ նշելով, որ այն որոշակի բարձր է, սակայն Ադրբեջանի կողմից զորավարժությունների անցկացումից առաջ իրավիճակն ավելի ցածր էր. «Անցնող գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, կրակոցները, իհարկե, շատացել են: Այն, որ խոսում են ադրբեջանական վաթսուն հազարանոց զորավարժությունների մասին, պետք է ասել, ոչ այդ զորավարժություններն անցկացվում են նրանց ամբողջ երկրի սահմանով»: