Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել է Երևան-Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը (տեսանյութ)

Պաշտոնական
6924_hq-1

Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուի հետ: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամության, պետությունների միջև փոխըմբռնման վրա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն ընդգծեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումը։ Հանդիպմանը քննարկում ծավալվեց հայ-հնդկական երկկողմ փոխգործակցության օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական, գիտակրթական, առողջապահության, տուրիզմի և մշակույթի, գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կապակցությամբ: Ընդգծվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը: Նախարարները քննարկեցին քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը, Երևան - Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը: Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները և դրանց արդյունքում բանակցային գործընթացում ձևավորված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի աջակցությունը Հնդկաստանի համար զգայուն հարցերում: ԱԳՆ