Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի նախագահը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Պաշտոնական
ffd0eced6e1fd5574217a78f3b359a13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված Նախագահ Դոնալդ Թրամփին: Ուղերձում ասված է. « Մեծարգո՛ պարոն Թրամփ, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Արցախում ԱՄՆ-ն համարում են բարեկամ երկիր, պետություն, որտեղ ապրում է հայկական ամենամեծ համայնքներից մեկը: Արդեն քառորդ դար է, ինչ մեր ժողովուրդը պայքարում է իր ազատության եւ անկախության համար, կառուցելով ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն եւ քաղաքացիական հասարակություն, արժեքներ, որոնք նաեւ ամերիկացիների համար հանդիսանում են հիմնարար ու սկզբունքային: Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, մեծ դերակատարություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման գործում: Վստահ եմ, որ Ձեր նախագահության օրոք Ամերիկան կշարունակի իր այս կարեւոր առաքելությունը` այսուհետ եւս նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ու ամրապնդմանը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, հաջողություններ ու ամենայն բարիք»:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ