Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսպես մենք տեղ չենք հասնի». Մ. Մելքումյանը զարմացել է Կառավարության ծրագրից  (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
byuje

Ինչո՞ւ է 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում 3.2% տնտեսական աճ, այլ ոչ թե ավելի բարձր։ Սա այն դեպքում, երբ տարբեր ոլորտներում նոր կառավարությունը նախատեսում է լայնածավալ ծրագրեր իրականացնել։ Հարցը ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն ուղղեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ Ազգային ժողովում պետական բյուջեի տնտեսական բլոկի քննարկման ժամանակ. «Չի բացառվում, որ 2017 թվականի տնտեսական աճը մեր բոլոր միջոցառումների արդյունքում ավելին լինի, քան 3.2%-ը։ Հաշվարկները ցույց են տալիս որ 2017 թվականին տնտեսական աճը հենց 3.2% կլինի»։ Նախարարի խոսքով իրենց կողմից իրականացվելիք միջոցառումների արդյունքում սպասվում է ներդրումների հոսք, սակայն չի կարող  կանխատեսել, թե դա երբ կլինի. «Մենք վերացնելու ենք բոլոր վարչարարական խոչընդոտները, ստեղծելու ենք բոլոր ինստիտուցիոնալ համակարգերը, որպեսզի խրախուսենք բոլոր ներդրումները Հայաստանի Հանրապետությունում։ Առաջիկայում ստեղծելու ենք Ներդրումային հիմնադրամ»։ Միքայել Մելքումյանը նկատեց, որ նախարարի խոսքերը գուցե կարևոր միջոցառումների մասին են, սակայն չի խոսվում երաշխիքի մասին, որ հաջորդ տարի տնտեսական վիճակն ավելի է լավանալու։ «Քայլեր արվում էր, բայց օգուտը քիչ էր։ Հիմա էլ մի քիչ ակտիվությունը մեծացել է, բայց ցուցանիշները, որ դնում եք չի բավարարում։ Այսպես չի կարող լինել։ Ինձ թվում է՝ էս ամեն ինչը պիտի վերանայվի, և դուք շատ կոնկրետ շղթայական բաներ ասեք։ Այսպես մենք տեղ չենք հասնի»։ Սուրեն Կարայանը հակադարձեց պատգամավորին. «Եթե դուք համաձայն չեք այն միջոցառումների հետ, որ մենք իրականացնում ենք, այդ դեպքում ասեք, թե ինչն ենք սխալ անում»։ Իսկ ի՞նչ է անում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, որ նոր ներդրումներ գան Հայաստան, տնտեսությունն էլ լինի ավելի մրցունակ։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցն է։ Նախարար Կարայանը պատասխանեց, որ փորձելու են Հայաստանի դիրքը 4 կետով բարձրացնել Համաշխարհային բանկի Doing Buisness-ի վարկանիշում։ «Որպեսզի ներդրումները հոսեն Հայաստանի Հանրապետություն, մենք պետք է մեր օրենսդրությունը դարձնենք պարզ և մատչելի, ստեղծենք ինստիտուցիոնալ ներդրումների պաշպանության ինստիտուտ, որը ներդրումներ իրականացնողների համար խթանող գործիքներից է։ Մեր երկրում պետք է զարգացնենք օժանդակող ֆինանսական գործիքակազմը, որոնք տարածաշրջանի մյուս երկրներում առկա են, սակայն ՀՀ-ում դեռ առկա չէ կամ էլ գործում է ոչ լիարժեք։ Ներդրողների համար կարևոր է, որ իր ներդրումները լինեն տնտեսապես արդարացված։ Դրա համար մենք պետք է լուրջ վերանայումներ իրականացնեք հարկային և մյուս օրենքների մեջ»։ Սուրեն Կարայանը պնդեց՝ լուրջ աշխատանքներ են տանում որպեսզի արտահանման շուկաների դիվերսիֆիկացում տեղի ունենա։ Հայաստանը նաև պետք է ակտիվորեն աշխատի Եվրամիության և Իրանի շուկաներ դուրս գալու համար։