Շահույթը կդառնա խնայողություն. Սարգսյանի հանձնարականից հետո
«Մենք գնալու ենք մեր կողմից իրականացվող գործառույթների օպտիմալացմանը»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ խոսելով «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերությունների ֆինանսական հոսքերը պետությանն ուղղելու մասին: «Այն բոլոր գործառույթները, որոնք հնարավոր է, որ մենք մեր ուժերով իրականացնենք, պետությունն իր վրա վերցնի այդ գործառույթները, մենք կփորձենք դա անել: Արդյունքում կլինի այն, որ միջոցները, որոնք տրամադրվում են մասնավորին, մի մասը գնում է համակարգի պահպանմանն ու բարելավմանը, դա իհարկե, կշարունակի մնալ, որովհետև այդ համակարգը պետք է պահպանենք, իսկ այն մասը, որը գնում էր որպես շահույթ, դա մեզ մոտ կդիտարկվի որպես խնայողություն»: Հարցին, թե արդյոք սա նախընտրական շոու չէ՞ իշխանությունների կողմից, Վարդան Արամյանը պատասխանեց. «Տարաբնույթ մեկնաբանություններ կարող են լինել: Մի բան կարող եմ ասել՝ այն խոստումները, որոնք այս թիմը՝ վարչապետի գլխավորությամբ տվել է, կատարվելու է: Մենք հետամուտ ենք լինելու մեր ասածներին»: Հիշեցնենք, որ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների քննարկման նպատակով ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներից ելնելով. «Հանձնարարում եմ՝ 1.ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին, ըստ անհրաժեշտության ներգրավելով նաև ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին: 2. ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ արդարադատության նախարարին՝ աջակցել Երևանի քաղաքապետին «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցություններին՝ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնելով իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն համայնքային կառույցներին: 3. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին մինչև նոյեմբերի 30-ը. 1) ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ, 2) շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն՝ երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ: 4. ՀՀ արդարադատության նախարարին` քննարկել և 20-օրյա ժամկետում. 1) ներկայացնել առաջարկություն վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ 2) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հետ համատեղ՝ ներկայացնել առաջարկություն վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ»: