Աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու հնարավորություն չկա (տեսանյութ)
2017-ի պետական բյուջեով աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի նախատեսվում, սակայն, ըստ ոլորտի նախարար Արտեմ Ասատրյանի, շարքային քաղաքացու կենսամակարդակը կբարձրանա. «Այն բոլոր միջոցառումները, որ նախատեսված են, պիտի նաեւ սոցիալական բեռի թեթեւացման բերեն»: Նախարարն ակնարկում է, որ սոցիալական բեռի նվազումը տեղի կունենա էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների փոփոխության արդյունքում, որն իր հերթին կբերի գյուղմթերքի էժանացման: Բայց աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին՝ ոչ մի խոսք. «Մենք լրացուցիչ միջոցներ 2017 թվականի բյուջեի շրջանակներում չենք ունեցել եկամուտների առումով, հետեւաբար սա ազդել է ծախսային քաղաքականության վրա»: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասում է, որ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումից ավելի կարեւոր է տնտեսական աճը. «Որպեսզի հնարավոր լինի տնտեսական աճի միջոցով ստեղծվի եկամուտներ, դրանից մենք հավաքագրումներ կատարենք եւ հավաքագրումների միջոցով պերմանենտ բարձրացնենք աշխատավարձերը եւ թոշակները»: Հայաստանի տնտեսական աճի հնարավորություններն, ըստ Վարդան Արամյանի, 4,5 տոկոս են, դա թույլ չի տալիս առայժմ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Իրենք չեն կարող մեկ անգամ բարձրացնել աշխատավարձերը եւ քաշվել մի կողմ. «Մեկ անգամ բարձրացրեցիր, դա լինում է պերմանենտ»: Հանձին Կարեն Կարապետյանի կառավարության, ժողովուրդն առայժմ պետք է հույսեր ունենա, որ լավ է լինելու. «Հույսը վատ բան չէ: Անհույս մարդիկ, հուսալքված մարդիկ անարդյունավետ են»: Այս պահին պարզ չէ, թե ինչքանով է այս տարի ավելացել կամ պակասել աղքատության ցուցանիշը Հայաստանում: Նույնիսկ 2015-ի տվյալները չկան։