Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անալոգային ազատված հաճախականությունները թափուր չեն մնալու» (տեսանյութ)

Հասարակություն
amalyan

Արժե՞ր թվայնացնել մեր հեռուստաեթերն ու գնալ նման ծախսերի թե պետության, թե հասարակության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով թվային հեռուստաեթերին՝ հարց բարձրացրեց եւ անմիջապես էլ պատասխանեց Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ամալյանը. «Հակառակ դեպքում աշխարհի հետ դիսբալանսի մեջ էինք լինելու՝ դրսից որեւիցե հաղորդում ներկրելու համար պետք է գտնեինք մեր տեխնիկական լուծումները՝ անալոգիականով թարգմանելու համար: Աշխարհում այլեւս չեն արտադրվելու հեռուստացույցներ, որոնք անալոգիային սարք կունենան: Ի վերջո, թվային պատկերն ու ձայնը որակական հսկայական տարբերություն ունեն: Բացի այդ, թվային հեռուստաեթերն ունի իր առավելությունները: Օրինակ՝ քաղաքացին կարող է ուղիղ եթերում կանգնեցնել հեռարձակումը, հեռանալ մի պահ, ապա՝ վերադառնալ ու նորից դիտել տվյալ հեռուստահաղորդումը դադարեցված պահից:  Այսինքն, կարող եք պլանավորել՝ որ հաղորդումը երբ սկսվի ձեզ համար: Սա ինտերակտիվ տարբերակն է թվայինի: Անալոգիականը հնարավորություն չէր տալիս  ձայնային մի քանի հոսք, այլ միայն մեկը, հիմա տարբեր են՝ թարգմանությամբ կամ բնօրինակ տարբերակներով»: Պարոն Ամալյանը նշեց, որ սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել են 1800, իսկ ԼՂՀ բնակիչներին՝ 2000 թվային անվճար կցորդներով. «Թվայնացման անցնելու համար մեզ տրամադրվել է 15.6 մլն ԱՄՆ դոլար, որից 400 հազար դոլարի խնայողություն ենք արել: Տրամադրված գումարից 1.7 մլն ծախսել ենք կցորդ սարքերի ձեռքբերման, 11 մլն՝ ենթակառուցվածքների, սարքավորումների համար, մնացածը՝ հարկերի, տուրքերի տեսքով վերադարձվել են պետական բյուջե»: Քննարկմանը պետք է ներկա լինեին նաեւ Տրանսպորտի նախարարությունից եւ ԱԺ-ից, սակայն բացի Գրիգոր Ամալյանից, քննարկմանը ներկա էր ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը: Ըստ նրա՝ թվային կցորդները բնակիչներին պետք է պետության կողմից բաժանվեին ակցիայի ձեւով. «ՀՀ-ն որեւէ ծրագրի ծայրագավառ չպետք է լինի, պետք է բարեգործական նվիրատվություններ լինեին: Քաղաքացին պետք է իր վատ հեռուստացույցը հանձներ, փոխարենը՝ լավը վերցներ»: Ինչ վերաբերում է նրան, որ այս պահին, երբ անջատված է անալոգային հեռուստաեթերը, ցանցում միայն թուրքական ալիքներն են, Գրիգոր Ամալյանը  պատասխանեց՝ ասելով. «Բոլոր պետությունների ալիքների ճառագայթումները ներթափանցում են հարեւան պետությունների հեռահաղորդակցության ցանց: Սրա դեմ բան չես կարող անել, սա բնագիտություն է: Նույն կերպ ներթափանցում են նաեւ պարսկական, վրացական ալիքները, ինչպես նաեւ՝ մեր ալիքները հարեւան պետություններ: Անալոգային ազատված հաճախականությունները թափուր չեն մնալու, կօգտագործեն այլ հեռահաղորդակցության նպատակներով կամ կտրվեն մասնավոր մուլտիպլեքսներին»: