«Սասնա ծռերի» հետ ԱԱԾ պայմանավորվածությունը մնում է անկատար. Զ. Փոստանջյան
«Սասնա ծռեր» խմբի անդամներն անմեղ են և պետք է ազատ արձակվեն, քանի որ խմբավորման անդամների արարքներում չկա հանցակազմ. «Ա1+»-ի հետ զրույցում նշում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Որպես իր խոսքերի հիմնավորում նա հիշեցնում է «Սասնա ծռեր» խմբի հանձնվելուց առաջ Ազգային անվտանգության ծառայության հրապարակած թերթիկը։ Ըստ դրա՝ զենքերը վայր դնելու և հանձնվելու դեպքում ապստամբները հնարավորություն էին ունենալու ազատվել քրեական պատասխանատվությունից։ «ԱԱԾ-ի թերթիկը պետք է ի կատար ածվի։ Նրանք արդեն իսկ խախտել են իրենց խոստումները և իրենց նախազգուշացումը։ «Սասնա ծռերի» ազատ արձակումն է հենց պահանջում Քրեական օրենսգիրքը»,- նշում է Զարուհի Փոստանջյանը։ Պատգամավորի խոսքով՝ հուլիսի 31-ից ի վեր, երբ «Սասնա ծռերը» հանձնվեցին, տեղի են ունեցել նրանց իրավունքների ոտնահարումներ։ «Առաջին հերթին արգելել են հարազատներին տեսակցել նրանց հետ։ Բավականին շատ խնդիրներ են առաջացել նաև կալանավայրերում պահման հետ»,- ասում է Զարուհի Փոստանջյանը։ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված խմբի համակիրները չեն համակերպվում խմբի անդամների ազատազրկման հանգամանքով։ Նրանք երեկ Ազատության հրապարակում բողոքի ակցիա էին կազմակերպել։ Խմբավորման անդամների իրավունքների պաշտպանության կոչով նրանք շարժվեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ստորագրություններով նամակ հանձնելով Պաշտպանի գրասենյակ։ Այսօր երեկոյան էլ Խուլ ու համրերի կենտրոնի դահլիճում բարեգործական համերգ տեղի կունենա։ Հասույթը կտրամադրվի կալանավորվածների ընտանիքներին։