Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական ուժերը կհամագործակցեն պայմանով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azh5

Քաղաքական ուժերի մեծ մասը դեռ չի կողմնորոշվել՝ ինչ ձեւաչափով կամ ում հետ համագործակցելով կմասնակցի 2017թ. ԱԺ ընտրություններին: «Եթե խնդիրը վերաբերելու է երկրի համար աշխատելուն, այո, մենք կարող ենք համագործակցել: Չեմ բացառում, որ մեզ՝ ՀՎԿ-ին, միանան, քանի որ այն աշխատանքը, այն արձագանքը, որ ունենք տեղերում, ունենք տեսակետ, որ  ստանալու ենք լուրջ վստահության քվե: Մնացածը կտեսնենք՝ ինչպես կորոշի ժողովուրդն ու Աստված»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:      ՀՎԿ վերանվանված ՕԵԿ-ը վստահ է՝ հաղթահարելու են թե ընտրական շեմը, թե ԱԺ կայուն մեծամասնության, կոալիցիաներ կազմելու հարցում խնդիրներ չեն ունենա: «Մեր շանսերը գնահատում ենք շատ բարձր, այստեղ խնդիր չկա, քանի որ մասնավորապես ՕԵԿ-ը բոլոր ընտրություններին մշտապես հաղթել է եւ ներկայացված եղել է ԱԺ-ում: Ինչպիսին կլինի հետընտրական գործընթացները, կարող ենք այս տեսանկյունից համագործակցել քաղաքական ուժերի հետ, եթե կլինեն ընդհանուր մոտեցումներ, ծրագրեր»,-  նշում է Մհեր Շահգելդյանը:  ԱԺ ընտրություններին դեռ 6 ամիս կա, սակայն քաղաքական շատ ուժեր արդեն հանդես են եկել համագործակցության առաջարկներով, ինչպես օրինակ՝ ՀԱԿ-ը: «Ժառանգություն»-ը համագործակցության իր պայմանն ունի: «Հստակ է, որ պետք է լինի մեր օրակարգը, թե որը պետք է լինի մեր տեսլականը՝ ապագա ՀՀ վերաբերյալ եւ դրա շուրջ պետք է տեղի ունենա համախմբում, այլ ոչ անձանց շուրջ՝ հայտարարելով, թե պետք է լինի իշխանափոխություն: Մենք հասկանում ենք՝ եթե չունենք ծրագիր, որը իրապես տարբեր է այս 25 տարվա գործող ծրագրին, ապա մենք չենք կարող համախմբել»,- ընդգծեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այս պահին «Ժառանգություն»-ը չի տեսնում այն ուժին, որի հետ կցանկանար անցնել նախընտրական եւ հետընտրական պայքարի միջով: Բացի այդ, կուսակցությունը վստահ է իր ուժերին՝ միայնակ էլ կարող է մտնել ընտրապայքարի մեջ: «Իհարկե, «Ժառանգությունն» առաջին անգամը չէ, որ մասնակցում է ընտրություններին. իր համար շեմ հաղթահարելը խնդիր չէ, մենք կհաղթահարենք այդ շեմը: Մեր խնդիրն այլ է՝ առաջարկում ենք համակարգային փոփոխություն, եւ այն դարձնել իրականություն»,- վստահեցնում է Զարուհի Փոստանջյանը: Անկախ նրանից, որ ՀՅԴ-ն ՀՀԿ հետ կոալիցիոն գործընկեր է, գերադասում է միայնակ գնալ ընտրության:  «Մենք միշտ առանձին ենք գնացել եւ առանձին ենք մասնակցել հետո, եթե ստեղծված վիճակը պարտադրում է խնդիրներ լուծելու համար գնալ լուծումների, որոշակի նաեւ կոմպրոմիսների, այո, դա քաղաքական ուժի հմտությանը, փորձառությանը հատուկ է, որ նա կարողանա ճիշտ գնահատել՝ իր խնդիրները ստեղծված այս վիճակում ինչպես է լուծելու: Այսպես կոչված՝ ռեալ պոլիտիկ ասվածն այստեղ պետք է աշխատի»,- կարծում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ, սակայն նա եւս ունի համագործակցության իր նախապայմանը: «Դեռ քառյակից սկսած՝ ՀՅԴ-ն հստակ իր մոտեցումներն է ներկայացրել, ծրագրով է ներկայացել, քաղաքական գաղափարներով ու ռազմավարությամբ է ներկայացել: Դրանք չեն փոխվել մինչեւ հիմա ու չեն էլ փոխվելու, քանի դրանց որեւէ մեկը իրական այլընտրանք չի առաջարկել ու մենք համոզվենք, որ մերը սխալ է, փոխենք»,- համոզված է Արմեն Ռուստամյանը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները վստահ են՝ ընտրությունների շեմին բոլորը կսկսեն վերամբարձ խոստումներ ու հայտարարություններ անել: Այս պարագայում ընտրողը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը՝  ո՞ւմ խոսքն է համապատասխանում գործին: