Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ հարցով բանակցությունների վերսկսում ակնկալել չարժե. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
sergey-minasyan

«Ադրբեջանը փորձում է ամեն գնով խուսափել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք  բերված  պայմանավորվածությունների կատարումից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը պայմանավորված էր ապրիլյան իրադարձություններից հետո բանակցային գործընթացի սառեցմամբ. «Գլխավոր խնդիրը, որը համանախագահները փորձել են քննարկել հակամարտող կողմերի հետ, վստահության մեխանիզմների ոլորտում առաջախաղացում ձեռք բերելն է: Խոսքը գնում է Կասպրշիկի գրասենյակի, շփման գծում մոնիտորինգային առաքելության կազմի ավելացման մասին»: Քաղաքագետը նշեց, թե չի կարծում, որ առաջիկայում հնարավոր կլինի այս հարցում որևէ առաջխաղացում տեսնել: «Մենք ունենք մի իրավիճակ, երբ թվում է, թե կողմերը վերադառնում են մինչ ապրիլյան պատերազմը եղած բանակցությունների շրջանին, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ հրաժարվում է գոնե ձևական փորձել ինչ-որ քայլեր անել: Համանախագահների համար դա պարզ է, բայց նրանք ունեն առաքելություն եւ նրանց նպատակը բանակցային գործընթացը վերսկսելն է, նույնիսկ, եթե դա իր մեջ որևէ լուրջ բաղադրիչ չի պարունակում»: Ինչ վերաբերում է դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը,  Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այստեղ եւս փորձ կարվի բանակցել վստահության մեխանիզմներ ներդնելու  շուրջ, ինչպես նաեւ կքննարկվի նախագահների մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը: Քաղաքագետը լավատես չէ եւ կարծում է, որ մոտ եւ անգամ հեռավոր ապագայում բանակցությունների վերսկսում ակնկալել չարժե. «Չեմ կարծում, որ առաջիկա տասնամյակում այնպիսի առաջխաղացում կունենանք,  որը կբավարարի բոլոր կողմերի, երկու երկրների ժողովուրդների շահերը: Ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ էթնո-քաղաքական խնդիր է»,-եզրափակեց նա: