Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Քաղաքականություն

2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Հզոր Հայրենիք» կուսակցությունը 100 տոկոսով կմտնի Ազգային ժողով: Սակայն դրա համար անհրաժեշտ է մեկ նախապայման: «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի համոզմամբ դա տեղի կունենա, եթե հրաշք լինի ու եվրոպական չափանիշներով անցկացվեն ընտրություններն, այսինքն` լինեն արդար:

«2003թ.-ի համար սենսացիա էր, երբ մեր կուսակցությունը հաղթահարեց 3% շեմը եւ առանց ընտրակաշառքի ստացավ 80 հազար ձայն, թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր 40 հազար ձայն: Եթե 2007թ. ընտրություններն էլ նույն կերպ անցկացվեն, ապա 5%-ով էլ վստահ չեմ լինի, որ կկարողանանք հաղթել»,- ասում է Շիրակ Թորոսյանը եւ ավելացնում, որ երբեւիցե մտադրություն չեն ունեցել դիմել դատարան, քանի որ, ուրիշների փորձը նկատի ունենալով, հասկացել են, որ դա անիմաստ ու անարդյունք է:

2007թ. խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, «Հզոր հայրենիք»-ը կմասնակցի դաշինքի կազմում, բայց թե ում հետ միասին, կուսակցությունում դեռ չեն որոշել: «Մենք աջ կենտրոնամետ, լիբերալ-դեմոկրատական կուսակցություն ենք եւ դաշինք կկազմենք միայն նույն քաղաքական դաշտում գործող կուսակցությունների հետ: Այժմ դեռ համագործակցում ենք ռամկավարների հետ, քանի որ գործելաոճով նման ենք, հատկապես ԱՊՀ սփյուռքի շահերի պաշտպանության առումով»,- ասում է Շիրակ Թորոսյանը:

Շիրակ Թորոսյանի ուշադրությունից զերծ չմնաց նաեւ վերջերս ձեւավորված հակակրիմինալ շարժումը: «Նմանատիպ հավաքները գործնականորեն երբեւիցե շարունակություն չեն ունեցել: Հակակրիմինալ շարժումն իրական պայքարի ձեւ կստանա այն դեպքում, երբ փոխվի պետական համակարգը»,- կարծիք հայտնեց նա: Իսկ ավելի կոնկրետ, «նմանատիպ ակցիաներն», ըստ նրա, արդյունավետ կլինեն այն դեպքում, երբ քաղաքական կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում կարողանան հստակ ֆիքսել, թե ինչպես են պատկերացնում դրա դեմ պայքարի մեխանիզմերը:

Իսկ իբրեւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ` Շիրակ Թորոսյանը նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում արդեն վերանորոգվում են Ջավախքի ճանապարհները: Այժմ սկսվել է Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհի վերանորոգման աշխատանքները, իսկ մյուս ճանապարհները վերանորոգումը կսկսվի 2007թ. գարնանը:

Շիրակ Թորոսյանը հաղորդեց, որ Թբիլիսիում սկսել են խոսակցություներ պտտվել այն մասին, որ պետք չէ իրականացնել ոչ մի վերանորգում, քանի որ երկրում կարեւոր այլ խնդիրներ էլ կան: «Վրացական պաշտոնյաները մոռանում են, որ շատ այլ ներդրումային ծրագրեր են մտնում Վրաստան, բայց, չգիտես ինչու, անընդհատ շրջանցում են Ջավախքը: Այս մասին, սակայն նրանք լռում են»,- նկատեց Շիրակ Թորոսյանը: