Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղատնտեսության նախարարը դեմ է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին (տեսանյութ)

Քաղաքականություն
ignati1

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի կարդացել նախարարությունների արտաբյուջետային հաշիվները վերացնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին: Բայց առաջարկին դեմ է. «Պետք է արտաբյուջեն լինի, որպեսզի հնարավոր լինի որոշ ծրագրեր զարգացնել»: Առաջին նախագահն առաջարկում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում վերացնել նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հիմնադրամները: Իգնատի Առաքելյանը վկայակոչում է նախարարության գիտահետազոտական ինստիտուտները. «Առանց արտաբյուջեի մենք գիտություն չենք կարող զարգացնել»: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարդացել է առաջին նախագահի առաջարկը: Կարող է ասել, որ արտաբյուջետային հիմնադրամները կառավարվում են այնպես, ինչպես բյուջետային այլ ծախսերը՝ նախագծերը հաստատվում են եւ մտնում գնումների գործընթաց. «Հիմնական կոռուպցիոն ռիսկերը դրսեւորվում են սովորաբար գնումների գործընթացում»: Այստեղ ֆինանսների նախարարը կարող է հանգստացնել առաջին նախագահին, ավելին, նրա առաջարկն ուշացած է՝ կառավարությունն արդեն ունի օրենք, որով պիտի որ բարձրացնի գնումների թափանցիկությունը.«Նույնն էլ կտարածվի արտաբյուջետային միջոցների վրա»: Իսկ ահա կրթության նախարար Լեւոն Մկրտչյանն ասում է՝ մեր նախարարությունն արտաբյուջետային հիմնադրամ չունի, կրթության համակարգը գուցե ունի. «Կարելի է քննարկել ֆինանսական օպտիմիզացիայի հարցը»: Գուցե ծառայություններ մատուցողը պակաս ծախսատար լինի, եթե այն իրականացնող կառույցը պրոֆեսիոնալ լինի: Ի դեպ, առաջին նախագահը նշել է, որ եթե սա չարվի, համակարգային բարեփոխումների վերաբերյալ ցանկացած խոստում կմնա սոսկ դատարկ զրույց: