Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր-Պետրոսյանը 2 առաջարկ է ներկայացրել Կարեն Կարապետյանին

Քաղաքականություն
0a556840bbc3daeb6840ef60a07d417c

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու առաջարկ է ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Կառավարության ծրագրում ներառելու համար՝ կարծիք հայտնելով, որ ամենահրատապ խնդիրը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ «Հայաստանի բոլոր չարիքների արմատը կոռուպցիան է»։

Այս մասին հայտնում է iLur.am կայքը։Կասկած չունենալով, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով, կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է նկատի ունենա հետևյալ անժխտելի իրողությունը: Հայաստանի բոլոր չարիքների` սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է` պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը: Ուստի կառավարության առջև կանգնած ամենահրատապ խնդիրը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի ոչ թե ձևական, այլ հիրավի արդյունավետ մեխանիզմների կիրառումը, ինչի համար անհրաժեշտ է. 1. Վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպեսև տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները: 2. Անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով: Եթե կառավարության ծրագրում այս երկու դրույթները չընդգրկվեն, ապա Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման ու զարգացման հույս փայփայելն անիմաստ կդառնա, իսկ նոր կառավարությունը կարժանանա նախորդ երկուսի բախտին: Այս առաջարկները թեև նորություն չեն ու բազմիցս արծարծվել են, բայց մինչ այժմ մնացել են «ձայն բարբառոյ յանապատի»: Մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չարվի, ոչ մի վարչապետ, որքան էլ կարող, որևէ հաջողության չի հասնի և կարճ ժամանակ անց կդառնա հերթական քավության նոխազը: Իշխանավորների անհագության ու կոռուպցիայի պատճառով մենք կարող ենք ոչ միայն մեր անկախությունը, այլև Ղարաբաղն ու Հայաստանը կորցնել: Սա է, որ խորապես պետք է գիտակցի նոր կառավարությունը և քաջություն ու վճռականություն դրսևորի մեծագույն այդ չարիքը հաղթահարելու գործում: Այլապես, համակարգային բարեփոխումների վերաբերյալ նրա ցանկացած խոստում կմնա սոսկ դատարկ զրույց: