Ծառուկյանը սոցիոլոգին ասել է, որ չի վերադառնալու (տեսանյութ)
2017-ի խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու մեծ շանսեր ունեն քաղաքական այն ուժերը, որոնք լավ արդյունքներ են գրանցել ՏԻՄ ընտրություններում։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համոզված է՝ Ազգային ժողովում շատ մանդատներ ունենալու համար կուսակցությունները նախ պետք է տեղերում ստեղծեն լուրջ սոցիալական բազա։ «Իշխանության գործունակության վարկանիշով առաջին տեղը ՏԻՄ ղեկավարն է, որովհետև երբ որ մարդը պրոբլեմ է ունենում, վազում է համայնքի ղեկավարի մոտ՝ դեղի փող չունեմ, երեխաս դուրս է մնում, վարձավճար չկա, սերմացու չունեմ, կովս սատկել է, երեխեն սոված է։ Դու օգնում ես, մյուս օրը կգաս կասես՝ պիտի ձայնը տաս Հանրապետականին։ Ես ո՞ւմ լսեմ, քե՞զ թե ուրիշ կուսակցության, որ եկել է դրսից ու քարոզ է անում»։ Նա քիչ հավանական է համարում մեծ բիզնեսներ ունեցող գործարար Գագիկ Ծառուկյանի հետ վերադարձը քաղաքական դաշտ։ Այդպիսի կանխատեսումների հեղինակները վստահ են, որ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Գագիկ Ծառուկյանը կվերադառնա՝ իշխանության վրա լծակ ունենալու, և սեփական բիզնես շահերը պաշտպանելու համար։ «Երբ վերջին անգամ զրուցեցի Ծառուկյանի հետ, նա ասաց՝ իմ գործի տերն եմ, ես իմ ոլորտն ունեմ, զբաղվում եմ, հետ գալն ինձ համար բացառում եմ»,- անկեղծացավ Ադիբեկյանը։ Վերլուծաբանները պնդում են՝ ընտրություններից առաջ կառավարության կազմի փոփոխությամբ ՀՀԿ-ն փորձում է փոխել դեմքը՝ ընտրություններում ինքնուրույն, առանց լծակների կիրառման քվեներ հավաքելու համար։ Արդյո՞ք Կարեն Կարապետյանին կհաջողվի փոփոխություն իրականացնել հայաստանյան տնտեսության պայմաններում։ «Շատ հնարավոր է, որ այս նախընտրական շրջանում նրա դերակատարությունը լինի զրո. նա կողքի կանգնած նայի՝ ում ուզում եք ընտրեք, Ազգային ժողովն ինձ վարչապետ կընտրի՝ կմնամ, չի ընտրի՝ չեմ մնա»,- պատասխանում է Ադիբեկյանը։ Սոցիոլոգը սովետական մտածելակերպի հետևանք է համարում այն սպասումները, որ մեկ մարդը՝ վարչապետի պաշտոնում, կարող է մեծ փոփոխություններ անել։ Օրինակ՝ կրճատել ստվերը։ Արդյո՞ք դա վարչապետի գործը չէ իրականում, պատասխանում է. «Ստվեր գոյություն ունի բոլոր տնտեսություններում։ Եթե նա չի վտանգում ազգային անվտանգությունը, կառավարման համակարգը, թող գոյություն ունենա»,- հավելեց Ադիբեկյանը։