Անդրիաս Ղուկասյանի հարազատները չեն կարողացել տեսակցել նրան
Անահիտ Թարխանյանին այսօր չի հաջողվել տեսակցել ամուսնուն ՝ «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին։ «Ա1+»-ի հետ զրույցում Անահիտ Թարխանյանն ասաց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պատճառաբանել են, որ տեսակցությունների ժամն ավարտված է։ «Պարզվում է ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելքը վերացվել է հոկտեմբերի 5-ին, սակայն մեզ այդ մասին ոչ ոք չի տեղեկացրել, պատահաբար ենք իմացել փաստաբաններից»,- ասաց Թարխանյանը, հավելելով, որ վաղը կրկին փորձելու են տեսակցել ամուսնուն։ «Բոլորս շատ հուզված ենք, թե ես, թե մեր երեխան, թե Անդրիասի մայրը, արդեն որքան ժամանակ է նրան չեք տեսել եւ բոլորս շատ անհամբեր ենք»,-ասաց Ա. Թարխանյանը։ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Դատարանը մի քանի անգամ մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը եւ գրավի դիմաց ազատ է արձակել։ Մինչդեռ, նույն մեղադրանքն առաջադրվում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանին եւ Արմեն Մարտիրոսյանին, որոնց սակայն դատարանը համաձայնել էր գրավի դիմաց ազատ արձակել;