Յուրի Բախշյանը՝ հասցվող ապտակների մասին (տեսանյութ)
1998-ի աշնանը խոսվում էր այն մասին, որ Հայաստանի Ազգային Ժողովն արդեն վարկաբեկել է իրեն։ Հանրապետական Յուրի Բախշյանը ենթադրում է, որ ժողովուրդը խորհրդարանն ընկալում է, որպես իր սոցիալական խնդիրները լուծող մարմին։ Մինչդեռ ինչքա՞ն աշխատավարձ են ստանում պատգամավորները եւ պետական պաշտոնյաները, որպեսզի աշխատեն հանուն ժողովրդի. «Ես այն պատգամավորներից մեկն եմ, որ կարծում եմ՝ պետական բարձր պաշտոն ունեցող անձնավորությունների եւ պաշտոնյաների աշխատավարձերը պետք է պատշաճ լինի»: Սակայն հայտնի է, որ պատգամավորների մեծ մասը բիզնես ունի եւ հազիվ թե բողոքում է փողի պակասից: Յուրի Բախշյանը նկատում է՝ այս նստաշրջանում պատգամավորները դեռ իրավունք ունեն զբաղվելու բիզնեսով։ 1999-ին սպասվում էին խորհրդարանի նոր ընտրություններ: Հանրապետական եւ երկրապահական իշխանությունը պարզ երեւում է, որ չի զիջելու դիրքերը: Գուցե նույնիսկ տոկոսնե՞ր կրակեն. «Ես չեմ կարծում, թե մյուս ընտրություններում այդպիսի տոկոսներ կլինեն, որովհետեւ հետաքրքրությունը մեծ է, ԱԺ-ում մեծամասնություն ունենալը իշխանության հարց է»: Յուրի Բախշյանը չի մեղադրում ընտրողներին, որոնք քվեարկում են ընտրակաշառքներով՝ թեկնածուներից ստանալով վառելիք, ասֆալտապատ թաղամաս եւ էլեկտրաէներգիայի սպառման վճարի կտրոն. «Սոցիալական այն լարվածությունը, որ մեզանում կա, շատ մարդիկ կարող են դրդված լինել եւ գնալ այդ քայլին»: 1998-ի աշնանն արդեն նշմարվում է, որ ապագայի խորհրդարանը քրեական հեղինակությունների պակաս չի ունենա, նրանց անձեռնմխելիություն է պետք. «Թերեւս դրանք ցավալի դեպքեր կարող են լինել, ցավալի կարող է լինել, որ խորհրդարանը անձեռնմխելիությունից չզրկի պատգամավորին»: Խորհրդարանի ամենակիրթ գործիչներից մեկը 1998-ի աշնանն ուրվագծում է ապագայի Հայաստանի հիմնական խնդիրը՝ քննադատություններին փոխարինում են վիրավորանքները, մարդկանց մեջ շատանում են բացասական զգացումները, որն անհետեւանք չի մնա. «Բացասական էմոցիաները, բացասական լիցքերը կուտակելով՝ մենք տալիս ենք այդ շրջապատին եւ այդ միջավայրը վերադարձնելու է մեզ: Այդ միջավայրն ինձ է ապտակելու»: 1999-ի մայիսի խորհրդարանի ընտրություններում Յուրի Բախշյանը կրկին դառնում է պատգամավոր եւ նշանակվում խորհրդարանի փոխնախագահ: Ընդամենը 5 ամիս հետո 5 հոգի ավտոմատով մտնում է խորհրդարան եւ իր բացասական զգացումները պարպում դահլիճում: Սպանվածներից մեկը Յուրի Բախշյանն էր: