Համաձայնագիրը խախտվեց. Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ականը (տեսանյութ)
Վանաձորի 33 հոգանոց ավագանին այսօր ընտրեց քաղաքապետ։ Րոպեներ առաջ հաշվիչ հանձնաժողովը ամփոփեց տվյալները։ Ըստ այդմ՝ 19 ձայն ստացավ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, 14 ձայն՝ «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն՝ Քրիստ Մարուքյանը։
«Ավագանու նիստերը դեռ լինելու են, և բացահայտվելու է, թե ով է դեմ քվեարկել,- նիստից հետո հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը,-հանրությունը կիմանա, թե ինչ է տեղի ունեցել»։ Ըստ Մարուքյանի՝ սա ճնշումների, ահաբեկումների արդյունք էր. «Եվ հենց դրա համար էինք մենք առաջարկում բաց քվեարկել. զանգեր, տարբեր կարգի ճնշումներ են եղել։ Որևէ կորցնելու բան չունենք, սա էլ է պրոցես, եւս մի հանգամանք է, որ արձանագրվեց, սա ես չեմ համարում հաղթանակ ՀՀԿ-ի համար. դա չի կարող ապագա ունենալ»։
[caption id="attachment_1492568" align="alignnone" width="500"]
mamikon aslanyan[/caption]
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց աստվածաշնչյան մի սկզբունք. «Չար ծառը բարի պտուղ չի կարող տալ»։
Հիշեցնենք, 2 օր առաջ քաղաքական 3 ուժեր՝ «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և ԲՀԿ-ն ստորագրեցին համաձայնագիր՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուին՝ Քրիստ Մարուքյանին։ Այդ դեպքում վերջինս կստանար 18 ձայն և կդառնար քաղաքապետ։