Հայկ Մ. Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը՝ աշխարհի չեմպիոններ
Հայաստանի պատանի շախմատիստները գերազանց հանդես եկան այսօր Խանտի Մանսիյսկում ավարտված շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում:
Մինչեւ 16 տարեկան պատանիների մրցաշարում մեր շախմատիստ Հայկ Մ. Մարտիրոսյանը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ վստահ գրավեց առաջին տեղը: Նույն տարիքային խմբում Դավիթ Միրզոյանը 5,5 միավորով գրավեց 44-րդ տեղը:
Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մեջ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Մանուել Պետրոսյանը, որը վերջին տուրում հաղթեց մադագասկարցի Անտենաինա Ֆի Ռակատոմահարային, վաստակեց 9 միավոր եւ կեսով առաջ անցավ մինչեւ 10-րդ տուրը աղյուսակը գլխավորած Մաքսիմ Վավուլինից: Մեր երկրորդ մասնակիցն այս տարիքային խմբում ցույց տվեց 20-րդ արդյունքը՝ 6 միավոր:
Մինչեւ 14 տարեկան շախմատիստների մրցաշարում մեր հայրենակից Շանթ Սարգսյանը 8 միավորով գրավեց 4-րդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը 7 միավորով ճանաչվեց 9-րդը:
Աղջիկների առաջնությունում առավել հաջող հանդես եկավ Սիրանուշ Ղուկասյանը, որը մինչեւ 18 տարեկանների մրցաշարում զբաղեցրեց 9-րդ տեղը՝ վաստակելով 6,5 միավոր: