Կարո Եղնուկյանին զրկել են տեսակցությունից (տեսանյութ)
«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը դատարանում բողոքարկում է դատախազության անգործությունը։ Նրա եւ իր պաշտպանի բոլոր դիմումները մնացել են անպատասխան։ Հիմնադիր խորհրդարանի անդամը կասկած ունի՝ այս ամենը վկայում է, որ ինքը ճաղերի հետեւում է քաղաքական հայացքների համար: «Երբ որ մեղադրանքը հիմնավորված չէ, երբ փաստերը, որ ներկայացնում են կապ չունեն մեղադրանքի հետ, էլ ուրիշ ինչ կարող է լինել: Հետո տեսակցություն չունենալ, տեղեկատվություն չստանալ, սա ի՞նչ է նշանակում, փաստորեն փորձում են իմ ձայնը կտրել»,- ասաց Կարո Եղնուկյանը: Կարո Եղնուկյանը այսօր դատարանում նշեց, որ սահմանափակվել է իր շարժվելու, ազատ խոսքի իրավունքը: Նա որպես օրինակ բերում է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի գործը եւ հարց բարձրացնում, թե ինչու ազատ արձակեցին Ինտերպոլի կողմից որոնվող անձին, իսկ իրեն կալանավորեցին: «Իսկ ես ունեմ ընտանիք, ունեցվածք, անշարժ գույք, այդ անշարժ գույքը ո՞ւր եմ տանելու հետս, ուր եմ փախնելու: Ես եկել եմ հետ Հայաստան: 7 տարի այստեղ եմ, եկել եմ, որ նորից փախնե՞մ: Դատական նիստը տեւեց 15 րոպե։ Նույնքան էլ դատավոր Արշակ Վարդանյանը մնաց խորհրդակցական սենյակում, իսկ վերադառնալուց հետո մերժեց բողոքը: «Դատարանը գտավ, որ Գլխավոր դատախազը կարող է իր պարտականությունները չկատարել: Դատավորը գլխավոր դատախազի դեմ, այն էլ նորանշանակ դատախազի դեմ դժվար թե որոշում կայացներ»,- Դատարանում էին այսօր Կարո Եղնուկյանի ամերիկաբնակ մայրն ու եղբայրը։ « Ինչպես գիտեք, Կարո Եղնուկյանը հինգ երեխա ունի եւ կինը: Ընտանիքիս կողքին պետք է լինեի»,- ասաց Գրիգոր Եղնուկյանը: Նա եւս վստահ է՝ եղբորը կալանավորել են իր քաղաքական հայացքների համար: «Բռնապետության հետեւանք է»: Դատարանի այսօրվա որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարան: